Նրա հարազատ թաղամասում անգամ ոստիկանությունն էր վախենում հայտնվել
«Լավ է, որ աշխարհում կան համասեռամոլներ: Նրանք գեղեցիկ կանանց մեզ են թողնում»:
«Իսկ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ, վաղ թե ուշ ստիպված կլինեն կուլ տալ իրենց խոսքերը»:
Մարդը, որը կարողանում էր նման ձևակերպումներ անել, անխուսափելիորեն մտավ պատմության մեջ: Այսօր տխուր օր է: Եվ այս պատմությունները, հավանաբար, այդ տխրությունը հաղթահարելու միակ միջոցն են:
Ներկայացնում ենք Sports.ru-ի պատրաստած հոդվածը արգենտինացի լեգենդի մասին:
Մարադոնայի կուռքը՝ բրազիլացի կիսապաշտպան Ռիվելինոն, իսկ լավագույնը կոչում էր մի ֆուտբոլիստի, որին գրեթե ոչ ոք չէր ճանաչում
«Նրա դրիբլինգը, ճշգրիտ փոխանցումներն ու անորսալի հարվածները ինձ համար օրինակ են ծառայել»,- մի անգամ պատմել է Դիեգոն:
Ռիվելինոն ինքը արդեն կարիերան ավարտելուց հետո շնորհակալություն էր հայտնել լեգենդին նման խոսքերի համար, բայց անփոխադարձ. պատմության լավագույնը նա անվանել էր Պելեին:
Դիեգոյի կարիերայում ևս մեկ ֆուտբոլիստ է եղել, միակը, որին նա իրենից բարձր էր գնահատում: Խոսքը արգենտինացի Տոմաս Կառլովիչի մասին է: Անհավանական տաղանդ ունեցող ֆուտբոլիստ, որը չէր սիրում փառքը ու հրաժարվեց մեծ թվով առաջարկներից: Արդյունքում կարիերայի մեծ մասն անցկացրեց արգենտինական ֆուտբոլի ետնախորշերում:
-Ի՞նչ է նշանակում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ լինելը,- 1993-ին հարցրել են Դիեգոյին:
-Աշխարհի լավագույն խաղացողն արդեն խաղացել է Ռոսարիոյում: Նրա անունը Տոմաս Կառլովիչ էր:
Մարադոնան կտրականապես դեմ էր, որ աշխարհում լավագույնը Պելեն է
Դիեգոյի խոսքերը. «Հոգեբուժական կլինիկայում, որտեղ ես բուժվում էի, մեկը իրեն Նապոլեոն էր կարծում, մյուսը՝ Սան-Մարտին, իսկ ինձ ոչ ոք չէր հավատում, որ ես Մարադոնան եմ: Ու իմաստ չկա վիճելու՝ ով է ավելի լավը՝ ե՞ս, թե՞ Պելեն: Ցանկացածը կասի, որ ես»:
Մարադոնան միշտ չէ, որ խենթ ու մեծամիտ է եղել
Մարադոնայի ֆիզիոթերապևտ Ֆերնանդո Սինյորինին բացատրել է փոքրիկ Դիեգոյի ու փառքի գագաթնակետին գտնվող Մարադոնայի տարբերությունը:
«Երբ շփվում ես նրա հետ, տեսնում ես, որ կա Բուենոս-Այրեսի համեստ տղան՝ Դիեգոն, մայրիկի տղան, և կա Մարադոնան՝ կերպար, որը ստեղծվել է ընդհանրապես առանց հենց Մարադոնայի մասնակցության:
Դիեգոյի համար ես աշխարհի ծայրը կգնայի, բայց Մարադոնայի համար քայլ անգամ չէի անի»:
Մարադոնան մեծացել է ծայրաստիճան աղքատ ընտանիքում. մայրը հրաժարվում էր ընթրիքից երեխաներին կերակրելու համար: Արդեն 13 տարեկանում Դիեգոն աշխատում էր
Դիեգոն մեծացել է ամենաաղքատ թաղամասում, որտեղ ոստիկանական բաժին չկար, որովհետև տեղի Ներքին գործերի նախարարությունում վստահ էին, որ այդ տարածքում ոստիկանական բաժինը մի օր չի մնա, ուղղակի կվառեն այն:
Մարադոնայի ընտանիքն ապրում էր կիսավեր տանը: Այն կառուցել էր հայրը այն ամենից, ինչ ձեռքի տակ ընկել էր: Տանիքը անձրևների ժամանակ կաթում էր, տանը ջուր չկար: Լվացվելու համար ջուրը վերցնում էին փողոցից:
Ընթրիքի ժամանակ մայրը հաճախ ասում էր. «Ես չեմ ուտի, ստամոքսս ցավում է»: Ավելի ուշ միայն Մարադոնան հասկացավ, որ տանն ուղղակի ուտելու ոչինչ չի եղել:
Այդ ժամանակներում Դիեգոն նախանձում էր իր այն ընկերներին, որոնք հեծանիվ, խաղակոշիկ ու գնդակ ունեին:
13 տարեկանում Մարադոնան աշխատանքի անցավ ախտահանում իրականացնող ընկերությունում: Ամեն առավոտ ժամը 7-ին նրան թույնով լի տոպրակ էին տալիս ու նա իջնում էր նկուղներ ու այն ցանում այնտեղ, որտեղ միջատներ էին հավաքվում: Առաջին աշխատավարձով նա մայրիկին հրավիրեց պիցցա ուտելու:
Դժվար մանկությունից հետո Մարադոնան երազում էր օրինակ դառնալ նեապոլցի աղքատների համար
Մարադոնան երկրպագում էր Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի գաղափարները: Այս մարդիկ ոգեշնչում էին նրան, Դիեգոն ցանկանում էր գոնե ինչ-որ կերպ նմանվել նրանց, այդ իսկ պատճառով էլ նա եկավ Նեապոլ, որպեսզի օրինակ դառնա քաղաքի աղքատ երեխաների համար:
«Ես աղքատ հարավի դրոշն էի հզոր հյուսիսի դեմ»,-ասել է Մարադոնան իտալացիների դասային հակադրությունների մասին:
Մարադոնան «Բարսայի» առաջին ֆուտբոլիստն էր, որին ծափահարեց «Սանտյագո Բեռնաբեուն»
Դիեգոյին սիրում էին նույնիսկ մրցակիցները: 1983 թվականին նա, խաղալով «Բարսայում», Իսպանիայի Գավաթի եզրափակչի առաջին խաղում երկրորդ գոլը խփեց «Ռեալին»: Դա մաքսիմալ «թիթիզ» գոլ էր. Դիեգոն տապալեց դարպասապահին ու պաշտպանին, իսկ հետո դուրս մղեց գծից:
Գոլն այնքան կատարյալ էր, որ մադրիդցիների տունը առաջին անգամ ծափահարեց Կատալոնիայից ինչ-որ մեկին, չնայած երկրպագուները լրիվ կարող էին խելագարվել: Դրանից հետո «Բեռնաբեուն» նման պատվի արժանացրեց «Բարսայի» միայն երկու խաղացողի՝ Ռոնալդինյոյին ու Անդրես Ինյեստային:
Մարադոնան ձեռքով գոլ է խփել նաև 1986 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ
Այն տեղի է ունեցել «Արգենտինոս Խունիորսի»՝ Դիեգոյի հայրենի ակումբի խաղում: Ահա թե նա ինչ է ասել այդ պահի մասին: «Մրցակիցները տեսան ամեն ինչ և սկսեցին հարձակվել մրցավարի վրա, որը, ի վերջո, կոպիտ սխալ թույլ տվեց, գնդակը հաշվելով: Ես գիտեմ, որ դա այնքան էլ լավ չէ, բայց մի բան է, երբ սթափ որոշում ես կայացնում, և մեկ այլ բան` պայքարի թեժ պահին: Դու ամեն ինչ անում ես այդ գնդակը ստանալու համար»:
ԱԱ-86-ից հետո Դիեգոն մի քանի օր քնեց ու միայն թխվածքաբլիթներ էր ուտում
Մունդիալ 1986-ից հետո («Աստծո զենքն» ընդդեմ Անգլիայի ու արգենտինացիների հաղթանակը եզրափակչում ԳԴՀ-ի դեմ խաղում) Մարադոնան վերադարձել է տուն զգայական դատարկվածության հոգեվիճակով. նա փակվեց հարազատ տանն ու օրերով քնեց։ Նրան պահում էր մայրը, չէր թողնում, որ ընկերները, ծանոթներն ու լրագրողները մոտ գան։ Ամեն օր մայրը Մարադոնային թարմ կաթ ու թխվածքաբլիթներ էր տանում։ Ուրիշ ոչինչ էլ նրան պետք չէր։
Մարադոնան ստորագրությունը թողեց հարազատ քաղաքի երկաթուղային կայարանում. կռահեք՝ ինչ եղավ հետո
Արդեն ֆուտբոլային աստղ դարձած Մարադոնան՝ գնաց իր հայրենի քաղաք՝ Վիլյա Ֆիորիտո ու ստորագրությունը թողեց երկաթուղային կայարանում.
Մի քանի ժամ անց ստորագրության հատվածը անհետացավ…քարի կտորը դեռ երբեք այդքան թանկ չէր արժեցել: