Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի երկրորդ խաղային օրը մեզ պարգևում է Անտոնիո Կոնտեի և Զինեդին Զիդանի գլխավորած թիմերի գերդիմակայությունը, որտեղ երկուսն էլ չունեն սայթաքելու իրավունք:
Armsport-ը ձեր դատին է հանձնում այս և այլ ուշագրավ հանդիպումների համառոտ անոնսն ու խմբերի մրցաշարային աղյուսակները:
A խումբ
«Բավարիա»-«Զալցբուրգ»/23:55
«Աթլետիկո»-«Լոկոմոտիվ»/23:55
Առաջիկա հանդիպումներում կարող են հայտնի դառնալ փլեյ-օֆֆի երկու երջանիկ մասնակիցները:
Ամեն ինչ խմբի ֆավորիտների ձեռքերում է:
«Բավարիան» շարունակում է իր ֆանտաստիկ մրցելույթները: ՉԼ-ի գավաթակրի կազմում փայլում է Ռոբերտ Լևանդովսկին, ով վերջերս ճանաչվեց Բունդեսլիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հանս դիտեր Ֆլիկի «գերմանական մեքենան» կրկին ճանապարհ է ընկել, և շատ քչերն են կասկածում, որ այս մրցաշրջանում ևս «Բավարիան» կպայքարի ՉԼ-ի գավաթի համար:
«Աթլետիկոն» փորձում է հետ չմնալ իր գերմանացի գործընկերներից և «Լոկոմոտիվի» նկատմամբ տարած հաղթանակը դա անելու լավագույն միջոցն է: Ռուսական ակումբի համար բավական բարդ կլինի Մադրիդում դիմակայել Դիեգո Սիմեոնեյի թիմին:
Խմբում երրորդ տեղի ճակատագիրն ամենայն հավանականությամբ որոշվելու է «Զալցբուրգի» և «Լոկոմոտիվի» միջև կայանալիք դիմակայունությունում:
B խումբ
«Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Շախտյոր»/ 21:55
«Ինտեր»-«Ռեալ Մադրիդ»/ 23:55
Երբ տեղի ունեցավ խմբային փուլի վիճակահանությունը, ֆուտբոլային որոշ մասնագետներ չէին կողմնորոշվում, թե որն է այս խաղարկության «մահվան խումբը»:
Այս երեք տուրերից հետո, այդ հարցն այլևս կորցրել է իր արդիականությունը:
Խմբի հավանական առաջատարների ՝ «Ռեալի» և «Ինտերի» անկայուն մրցելույթները B խումբը վերածեցին մի «թեժ խառնարանի», որտեղից դուրս գալու հնարավորություն ունեն բոլոր 4 թիմերը:
Հաշվի առնելով «Բորուսիայի» ուղղահայաց ֆուտբոլը և գերարագ հակագրոհները, կարող ենք եզրակացնել ՝ ուկրաինական ակումբին հեշտ հանդիպում չի սպասվում:
Այս ենթադրությունն ավելի հավաստի է թվում, երբ վերհիշում ենք թիմերի միջև կայացած առաջին հանդիպման արդյունքը («Շախտյոր» 0-6 «Բորուսիա Մյունխենգլադբախ»):
4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Ջուզեպե Մեացա» ստադիոնում, որտեղ «Ինտերը» կընդունի Մադրիդի «Ռեալին»:
Այս դիմակայությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան ՝ պատասխաններ:
Երկու ակումբներն էլ անկայուն ֆուտբոլ են ցուցադրում ներքին առաջնություններում, ինչն իր հետքն է թողնում ՉԼ-ում նրանց մրցելույթներում:
Մադրիդում ավելի ուժեղ գտնվեցին «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները (3-2), ինչը միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին մոտիվացնող հավելյալ հանգամանք է:
Իսկ մենք լավ գիտենք, թե ինչ հրաշքների է ընդունակ «վիրավոր Անտոնիոն». վստահ եմ ՝ «Տորինոյի» ֆուտբոլիստները կհաստատեն:
Եթե այս ամենին գումարենք «Ռեալի» լուրջ կորուստները, ապա փոխվրեժն ավելի իրական է դառնում:
Մեկ բան հստակ է ՝ այս խաղը կարող է դառնալ այն ցատկահարթակը, որը մրցող ակումբներին դուրս է բերելու մրցաշարային աղյուսակի նկուղից:
C խումբ
«Օլիմպիակոս»- «Մանչեսթեր Սիթի»/ 21:55
«Մարսել»-«Պորտու»/ 23:55
«Ամենաանգույն» խմբերից մեկն է, որտեղ «Մանչեսթեր Սիթիին» և «Պորտուին» խմբից դուրս չգալու համար լուրջ ջանքեր կպահանջվեն:
«Օլիմպիակոսն» իր միակ հաղթանակը տարել է «Մարսելի» նկատմամբ (1-0), որից հետո Պեդրո Մարտինշի թիմը միայն պարտություններ է կրել:
Ինչ-որ բան հուշում է, որ երկար սպասված հաղթանակն արձանագրելու համար, հունական ակումբը պետք է սպասի Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորած թիմի դեմ հանդիպմանը:
Իսկ ահա Պեպ Գվարդիոլայի և Սերժիո Կոնսենսաուի թիմերը վստահ քայլերթով շարժվում են դեպի ՉԼ-ի 1/8 եզրափակիչ:
D խումբ
«Այաքս»-«Միտյուլանդ»
«Լիվերպուլ»-«Ատալանտա»
Այս խմբում հանդես են գալիս թիմեր, որոնք նախորդ մրցաշրջաններում իրենց խաղով հմայեցին շատերին: Բավական է ասել, որ այն թոփ ակումբների շատ երկրպագուներ, որոնց սիրելի թիմերը լքել էին մրցասպարեզը, սկսեցին երկրպագել հենց այս երկուսին:
Ցավ ես ապրում, երբ գիտակցում ես ՝ «Այաքս»-«Ատալանտա» զույգից մեկը կարող է անցնել փլեյ-օֆֆ-ի կողքով:
Ո՞վ է այս ամենի «մեղավորը». նրա անունն է ՝ Յուրգեն Կլոպ:
Անգլիայի գործող չեմպիոններն անհասանելի են խմբի մյուս ակումբների համար: Մնում է միայն պարզել, թե արդյո՞ք Դիեգու Ժոտան այս անգամ էլ հեթ-տրիկ կձևակերպի «Ատալանտայի» դարպասը (առաջին հանդիպումն ավարտվել էր «Լիվերպուլի» հաղթանակով ՝ 5:0 հաշվով):
Իսկ դանիական «Միտյուլանդի» երկրպագուներին կարելի է ցանկանալ բարձր տրամադրություն և համբերություն:
Նրանք ՉԼ-ի ընթացիկ խաղարկությանը հետևում են՝ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը կարգախոսով:
Նարեկ Գրիգորյան