1945-ին Ջորջ Օուրելը հանդես եկավ իր հայտնի բանաձևով.
“Սպորտը դա նույն պատերազմն է, պարզապես առանց կրակոցների: Այն չի մտերմացնում ազգերին, այլ ավելի է խորացնում նրանց միջև եղած մրցակցությունն ու թշնամանքը”:
Երկրորդ համաշխարհային պատերազմի այդ օրերին հնչած այս միտքը, բազում անգամներ դրվել է կասկածի տակ: Ինչպես և ցանկացած տեսություն, այս մեկն էլ ունի իր մոլեռանդ հետևորդներն ու քննադատները:
Մենք չենք փորձի կրակ լցնել այս բանավեճի վրա: Դրա փոխարեն ձեզ կներկայացնենք Մագնուս Սվենսոնի պատմությունը, որին ծանոթանալուց հետո ինքներդ կորոշեք, թե ով է իրավացի:
07:30
Մանկության տարիներին չէի սիրում քնել: Ինձ թվում էր, որ հավերժ կմնամ այդ մթության մեջ և չեմ տեսնի լույսը: Եվ որքան էի ուրախանում, երբ առավոտյան զարթնելիս տեսնում էի բացված վարագույրներից ներս թափանցող արևը:
Շողացող արեգակն ինձ կարծես ուժ և վստահություն էր տալիս: Հարավում ապրող մարդկանց համար դա սովորական երևույթ է, բայց մենք ՝ դանիացիներս գիտենք արևի ջերմության գինը:
Նախաճաշը դեռ չվերջացրած, վերցնում էի մականը և շտապում սահադաշտ: Միգուցե չհավատաք, բայց մականն իմ մարմնի անբաժան մասնիկն էր: Ես ապրում էի հոկեյով, ես հաղթում էի հոկեյով, ես անպարտելի էի հոկեյով….
— Վեր կաց, սպիտակ նեգրի ճուտ: Մաքրություն անելու ժամանակն է:
Ահա և նա. Ամեն անգամ, երբ փորձում եմ վերհիշել անցյալս…. Ամեն անգամ ճիշտ 07:30-ին հայտնվում է նա:
Ես Մագնուս Սվենսոնն եմ, ով դադարել էր տեսնել լույսը։
Ասեմ ձեզ, որ բավական դժվար է մաքրել 60 զուգարանակոնք: Ասեմ նաև, որ դա կրկնակի դժվար է անել ձեռնաշղթաներով և լիակատար մթության մեջ:
Ասում են ՝ մարդը ժամանակի ընթացքում հարմարվում է ցանկացած իրավիճակի: Կարող եմ փաստել, որ դա բավական արդարացի նկատառում է: Միայն մեկ ուղղում եմ ցանկանում անել.
Մարդը ժամանակի ընթացքում հարմարվում է նաև մարդկայնության կորստին:
Յուրաքանչյուր զուգարանկոնքի համար ունես 30 վայրկյան: Աշխատանքը 08:00-ին չվերջացնելու դեպքում ՝ մեկ օր կանցկացնես պատժի սենյակում:
Եթե կարծում եք, որ այս գարշանքի և մթության մեջ գտնվելն ամենավատ սցենարն է, ապա դուք երկնագույն ակնոցներով եք նայում իրականությանը: Այստեղից կարող ես դուրս գալ ՝ հետևում թողնելով արժանապատվությունդ և անցյալդ, իսկ պատժի սենյակից…
Այնտեղ դու կորցնում ես վերջին բանն այս աշխարհում, որը քեզ դեռ ստիպում է շնչել:
Ես Մագնուս Սվենսոնն եմ, ով կորցրել էր հույսը։
15:30
Երբևէ փորձել ե՞ք պառկել հալեցված երկաթի վրա: Սխալ չհասկանաք, ես դեմ չեմ սուր զգացողություններին, բայց միայն այն դեպքում, երբ դրանք ստանում ես քո ցանկությամբ:
Իսկ ահա պատժի սենյակից լսվող ձայների հեղինակը ՝ Բյորնն, ինձ թվում է չի տվել «երկաթե հրաբխում» լողանալու համաձայնություն:
Դեռ չե՞ք հասկացել, թե ինչի մասին ենք զրուցում: Փորձում եք գլուխ հանել այս անհասկանալի բառակույտի՞ց: Լավ, շատ չեմ տանջի ձեզ. հիմա կասեմ.
-Ճշմարտության խոսքն ասելու ժամանակն է: Բոլորդ սողալով մոտեցեք կենտրոնական սրահ:
Նորից նա. ամեն անգամ, երբ փորձում եմ ձեզ ինչ որ բան բացատրել….Ամեն անգամ ճիշտ 15:30-ին հայտնվում է նա:
Այդպես կոչված ճշմարտության սրահ հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ամբողջ ճանապարհին սողում ես և սպասում, թե որ կողմից կստանաս մահակի հերթական հարվածը:
Ճանապարհին տեսնում ես, որ ընկերներիցդ շատերն արդեն չկան, բայց ցավ չես զգում ՝ ոչ մահակի հարվածներից և ոչ էլ նրանց բացակայությունից: Քանի որ դու էլ նրանց նման մի դիակ ես, որը պարզապես դեռ շնչում է.
Ես Մագնուս Սվենսոնն եմ, ով դադարել էր զգալ։
Ճշմարտության սրահ հասածներս, պետք է կարդանք մեզ համար նախապատրաստված տեքստը և դա պետք է անենք բարձրաձայն:
«Ես խոնարհվում եմ արիական ցեղի առջև: Խոնարհվում եմ նրա գերակայության առջև: Ես ատում եմ իմ անցյալն ու իմ մտերիմներին»:
Կասեք ամենադաժան փորձությունը չէ՞. այդ դեպքում փորձեք դա անել 4 ժամ շարունակ ՝ շաբաթը 7 օր: Փորձեք դա անել առանց բանականությունը կորցնելու: Եվ վերջապես, փորձեք դա անել առանց այդ ցնորքին չհավատալու:
Տղաներից ոմանք տոգորվել էին այդ գաղափարով: Նրանց համար լույսին հասնելու, ազատության համը կրկին զգալու միակ միջոցը ՝ ինքնաոչնչացումը սիրով դիմավորելն էր:
Սակայն այդ հույսերը շատ արագ մարում էին հերթական փամփուշտի «լուռ զրնգոցով»: Մեր ճակատագրերը կանխորոշված էին, պարզապես պետք էր սպասել քեզ հատկացված փամփուշտին, ինչպես կինը սպասում է իր սիրեցյալի վերադարձին:
Հիմա էլ չեք հասկանում, թե ինչի մասին ենք խոսում. Մտածում եք մի ցնորվածի պատմություն ե՞ք կարդում.
20:30
Քնելու ժամն է. Մեզանից մեկի համար ՝ հավերժ քնելու ժամը: Ամեն օր տղաներից մեկը ստանում է իր բաժին փամփուշտը: Այն մեկը, ով այլևս չի կարողանում դիմանալ այս մղձավանջին, ով պատրաստ է գրկաբաց ընդունել մահը:
Միշտ վախեցել եմ մահից ու փորձել եմ չմտածել դրա մասին, իսկ հիմա… հիմա դա իմ քայքայված հոգու միակ փրկությունն է թվում: Ես այլևս չեմ վախենում քնելուց, չեմ վախենում հավերժ մթությունից:
Ես Մագնուս Սվենսոնն եմ, ով պայմանագիր էր կնքել խավարի հետ։
1945 թվականի ապրիլի 14.
Այդ օրը սովորականի նման չլսվեց նացիստ զինվորականի ձայնը: Այդ օրը մենք այդպես էլ չգնացինք «ճշմարտության սրահ» և մեր հոգու վերջին բեկորները չվաճառեցինք Երրորդ Ռեյխի առաջնորդին:
Այդ օրը բացվեց դուռը և անգլիական առոգանությամբ մեկն ասաց.
-Ողջ մարդ կա՞ այդտեղ։
Կարող եք չհավատալ, բայց դա իմ կյանքի ամենաբարդ հարցն էր: 254 օր ռազմագերու կարգավիճակում գտնվող մարդու համար այնքան էլ հեշտ չէ պատասխանել այդ հարցին:
Րոպեներ պահանջվեցին հասկանալու համար, որ մենք փրկված ենք: Անգլիական «Independent» ռազմանավը, որտեղ մենք անցկացրինք մեր գերության այս օրերը, կրկին բրիտանացիների հսկողության տակ էր:
Մեկ տարի առաջ էր, երբ 20-ամյա երիտասարդ հոկեյիստը մականը փոխարինեց հրազենով և անգլիական նավատորմի կազմում մեկնեց ռազմաճակատ:
Իմ հայրենի Դանիան 1940-ին օկուպացվել էր Ադոլֆ Հիտլերի ոհմակի կողմից: Ընտանիքիս բոլոր անդամները սպանվել էին, իսկ ես անհավանական կերպով կարողացել էի փախչել Անգլիա:
Այդ օրվանից, իմ կյանքի միակ նպատակն իմ երկրի վրեժը լուծելն էր: Նացիստները պարտություն կրեցին պատերազմում, և իմ երկիրը կրկին զգաց ազատության շունչը:
Իսկ ո՞վ հաղթեց.
Պատերազմներում չկան հաղթողներ:
Այդ մտքին հանգեցի այն պահին, երբ ռազմանավի վրա անգլիացի զինվորականների հետ հոկեյ խաղացի: Դա վերջին անգամն էր, երբ ես մականը վերցրի ձեռքերիս մեջ:
Նայում էի սպայի աչքերի մեջ և տեսնում էի, որ երկուսս էլ տափողակին հարվածում ենք նույն զայրույթով և կսկիծով: Մեզ չէր հետաքրքրում խաղի արդյունքը, չէր հետաքրքրում հաղթողի անունը:
Կյանք կոչվող սպորտաձևում, մենք ընտրել էինք խաղաղությունը:
Ես Մագնուս Սվենսոնն եմ, ով պարզապես ցանկանում է ապրել:
Նարեկ Գրիգորյան