Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո կայացած ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին․
«Խաղը բաղկացած է 90 րոպեներից։ Առաջին կեսի որոշ դրվագներում նրանք տիրում էին գնդակին, բայց երկրորդ կեսում, կարծում եմ, մենք լավ պրեսինգի էինք դիմում։ Գոլից հետո թիմն ավելի մոտիվացվեց։
Շատ ուրախ եմ, շատ գոհ եմ։ Սա մեր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է․ նախագահից սկսած, ամբողջ տնօրինությունն ու ֆուտբոլիստները, որոնք սիրում են իրենց երկիրն ու երկրի գույները։ Գիտենք՝ ինչ վատ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստներն էլ ունեին այդ զգացողությունը, բայց մտովի էլ շատ ուժեղ էին պատրաստված։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ այնպես ենք անում, որ հայկական ֆուտբոլը զարգանա։