Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրում «Ուրարտու-2»-ը խոշոր՝ 6-0 հաշվով հաղթանակ տարավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ։ Խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Արթուր Միսկիրիջյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է խաղի մասին տպավորությունների, ինչպես նաև՝ առաջնությունում թիմի շանսերի մասին։
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Շատ լավ խաղ ցուցադրեցինք, մրցակիցը թույլ չէր, ուսումնասիրել էինք և գիտեինք՝ ինչպես պետք է հանդես գանք թիմի դեմ։ Խաղը դասավորվեց մեզ համար ցանկալի սցենարով, արագ գոլ խփեցինք, կարողացանք խաղը հարմարեցնել մեզ, ու հաղթել 6 գնդակի առավելությամբ»։
ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Թիմը շատ լավ մարզավիճակում է, լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարողանում են խաղադաշտում հասկանալ միմյանց, ինչպես նաև՝ լավ մարզիչներ, որոնք օգնում են մեզ այդ հարցում։ Բնականաբար հեշտ չի լինելու, որովհետև առաջնությունում կան ուժեղ թիմեր, առաջիկայում էլ ավելի փորձառու թիմերի հետ ենք խաղալու, բայց կփորձենք լավ կատարել մեր առջև դրված խնդիրներն ու հաղթահարել բոլոր դժվարությունները»։
ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՇԱՆՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ուրախ եմ, որ կարողանում եմ թիմին օգնել հաղթանակի հասնելու համար։ Յուրաքանչյուր խաղում փորձելու եմ անել առավելագույնը։ Դեռ չունեմ առաջարկ՝ գլխավոր թիմին միանալու, բայց կձգտեմ անել ամեն ինչ՝ ինձ լավագույնս դրսևորելու համար՝ չնայած այս պահին կենտրոնացած եմ այն թիմի վրա, որում այժմ հանդես եմ գալիս»։
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մեր թիմում շատ լավ մթնոլորտ է, բոլոր հանդիպումներին դուրս ենք գալիս խաղադաշտ՝ միայն մեկ նպատակի՝ հաղթելու համար, ձգտելու ենք ցույց տալ մեր ուժեղագույն կողմերն ու պահպանել մրցաշարային աղյուսակում մեր զբաղեցրած այժմյան առաջատարի դիրքը»։