Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպանն է, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նամակ՝ ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։
«Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպաններ՝ մենք խաղաղության կոչ ենք անում ու խնդրում ՄԱԿ-ին ԳՈՐԾԵԼ ՀԻՄԱ»,- իր էջում գրել է Մխիթարյանը։
Ֆորին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ տիկին Ֆոր,
Դուք քաջատեղյակ եք, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ ու մասնակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակումներ է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, ու դրանք մինչ օրս շարունակում են սրվել։ Ինչպես վկայում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ու Արցախի Օմբուդսմենի զեկույցները՝ ռազմական ավիացիայի, միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակների՝ ինչպիսիք են կասետային ռումբերն ու ահաբեկչական այլ միջոցները, լայն օգտագործմամբ օդային ու ցամաքային զանգվածային հարվածներով թիրախավորվել են քաղաքացիներ, հիվանդանոցներ, արտակարգ իրավիճակների կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ ու կենսական նշանակություն ունեցող այլ ենթակառուցվածնքներ։ Խաղաղ բնակչության դեմ ու քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված անխնա ու մտադրված հարվածները հանգեցրել են համատարած ավերածությունների, բազմաթիվ զոհերի ու ծանր վնասվածքների, որոնց թվում են նաև երեխաներ ու կանայք։ Այսօր Արցախը առերեսվում է մարդասիրական աղետի հետ։
Սա մարդու իրավունքների, Ժնևյան Կոնվենցիայի ու Միջազգային Մարդասիրական Օրենքի կոպտագույն խախտում է։ Սա ուղղակի հարձակում չէ հայերի դեմ, այլ հարձակում է ընդդեմ մարդասիրական հիմնարար նորմերի, հարձակում այն ամենի դեմ, ինչի օգտին հանդես է գալիս ՄԱԿ-ը։ Դժբախտաբար, այն տեղի է ունենում միջազգային հանրության արթուն աչքի առաջ։
Երեխաները, որոնք բռնի արնահեղության զոհ են դառնում, հոգեբանական տրավմաների ու տանջանքների են ենթարկվում ու ոչ մեկին չանտեսելու անսասան վճռականությամբ օգնության խիստ կարիք են զգում՝ անկախ նրանից, թե նրանք ինչ ազգության են պատկանում ու որտեղ են ապրում։ Հիմա Արցախի երեխաները գոյության սպառնալիքի տակ են, բայց ինչպես աշխարհի մյուս բոլոր երեխաները՝ նրանք ևս ապրելու ու պաշտպանված լինելու իրավունք ունեն։ Բոլորը՝ 15-ամյա Ռոբերտը, որը կոմայի մեջ է, 2-ամյա Արծվիկը, որը դեռ կենացմահու պայքար է մղում, Արծվիկի 9-ամյա քույրը, որը սպանվեց, և շատ այլ երեխաներ․․․
Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպաններ՝ մենք կոչ ենք անում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի քույր գործակալություններին ու մեր երիտասարդ Բարի կամքի դեսպաններին իրենց ձայնը բարձրացնել, օգնության ձեռք մեկնել ու գործել հիմա՝ կանխելու հետագա արնահեղությունը։ Մտահոգություն արտահայտելն ու խաղաղության կոչեր հնչեցնելը պատշաճ արդյունք չեն տվել։ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ ընդլայնեք Արցախում ապրող մարդկանց մարդասիրական օգնությունը։ Վստահ եղեք, որ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքը և ձեր՝ ոչ մեկին չանտեսելու երդումը առանց նախապայմանների իրականացվում են բոլորի համար և ամենուր։
Եկե՛ք թույլ չտանք, որ մեր լռությունը խլացնի երեխաների լացն ու նրանց անզեն խնամակալներին։
Եկե՛ք չձախողենք որպես կարեկցանքի, արդարության ու խաղաղության իրական հոգաբարձուներ։
Այս ծայրահեղ պահին ընդգծված գործողություններ են պետք մարդկային կյանքեր փրկելու համար։ Ուզում ենք մնալ ՅՈՒՆԻՍԵՖ ընտանիքի հպարտ անդամներ, որը նկատում է բացահայտը, դատապարտում անբարոյականությունն ու հոգ տանում խոցելի ու տուժած անձանց մասին»։
Նունե Սարգսյան
ՀՀ նախագահի կին
ՅՈՒՆԻՍԵՖԻ բարձրաստիճան փաստաբան երեխաների համար (2019-ից ի վեր)
Ալլա Լևոնյան
ՅՈՒՆԻՍԵՖԻ առաջին Բարի կամքի ազգային դեսպան (2007-ից ի վեր)
ՀՀ վաստակավոր արտիստ
Մարիա Գուլեղինա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան (2009-ից ի վեր)
Հենրիխ Մխիթարյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի ազգային դեսպան (2016-ից ի վեր)
«Ռոմայի» ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ
Արթուր Ալեքսանյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի ազգային դեսպան (201չ-ից ի վեր)
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական/Աշխարհի/Եվրոպայի չեմպիոն։