Այսօրվանից մեկնարկում են Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները։ 42 ակումբ կվիճարկեն փլեյ-օֆֆ փուլի 21 ուղեգրերը, այդ թվում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը կհանդիպի Սերբիայի չեմպիոնի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ։
«Արարատ-Արմենիան» այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Կիպրոսում՝ տան տիրոջ կարգավիճակով կընդունի սերբական թիմին: «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը ասել է, որ նրանք պատրաստ էին գալ Հայաստան, սակայն իրավիճակը փոխվեց: ArmSport.am-ը «Արարատ-Արմենիայից» տեղեկացավ, որ որոշում է կայացվել, որ հայկական թիմը նախաղային ասուլիս չի ունենալու: Հիշեցնենք, որ Արցախում ընթացող պատերազմի պատճառով հանդիպումը Երևանից տեղափոխվել է Կիպրոս: Մեկնարկը Երևանի ժամանակով 21:00-ին է:
Նախ սկսենք թոփ առաջնությունների ներկայացուցիչներից։ Իտալական «Միլանը» արտագնա հանդիպում կանցկացնի պորտուգալական «Ռիո Ավեի» հետ, իսկ անգլիական «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Մակքաբի Հայֆային», որը նախորդ փուլում հետագա պայքարից դուրս թողեց Խորեն Բայրամյանի «Ռոստովին»։ Բավականին լուրջ մրցակից է բաժին հասել իսպանական «Գրանադային», որը Շվեդիայում ուժերը կչափի «Մալմյոյի» հետ, իսկ գերմանական «Վոլֆսբուրգին» ևս հեշտ հանդիպում չի սպասվում․ նրանք մրցակցի հարկի տակ կհանդիպեն հունական ԱԵԿ-ին։
Հիշեցնենք, որ թոփ-5 առաջնությունների ևս մեկ ներկայացուցիրժչ՝ ֆրանսիական «Ռեյմսը», նախորդ փուլում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց «Ֆեհերվարին»։ Հունգարացիները ԵԼ-ի խմբային փուլ դուրս գալու համար արտագնա խաղում կհանդիպեն բելգիական «Ստանդարտի» հետ։ Բելգիայի մյուս ներկայացուցիչը՝ «Սպորտինգը», սեփական հարկ տակ կընդունի լեհական «Լեխին»։ Մեկ այլ «Սպորտինգ», բայց արդեն պորտուգալական, ևս սեփական հարկի տակ, կմրցի ավստրիական ԼԱՍԿ-ի հետ։ Շվեյցարիայի երկու ներկայացուցիչները՝ «Յանգ Բոյսը» և «Բազելը» ևս իրենց խաղերը կանցկացնեն տանը՝ համապատասխանաբար ալբանական «Տիրանայի» և բուլղարական ԲԿՄԱ-ի հետ։
Նախորդ փուլի ամենամեծ անակնկալը մատուցած ֆարերյան ԿԻ-ն, որը 6-1 հաշվով հաղթել էր Թբիլիսիի «Դինամոյին», այս փուլում, արդեն մրցակցի հարկի տակ, կփորձի հաղթահարել իռլանդական «Դունդալկի» արգելքը։
ԵԼ-ի խմբային փուլում հանդես գալու համար կպայքարեն նաև Շոտլանդիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները․ «Սելթիկը» արտագնա հանդիպում կանցկացնի բոսնիական «Սարաևոյի» հետ, իսկ «Ռեյնջերսը», Սթիվե Ջերարդի գլխավորությամբ, սեփական հարկի տակ կընդունի «Գալաթասարային»։ Այս փուլում երկու ներկայացուցիչ ունի նաև Չեխիան․ «Վիկտորիա Պլզենը» Իսրայելում կխաղա «Հապոելի» հետ, իսկ «Սլովանը» կընդունի կիպրոսյան ԱՊՕԵԼ-ին։
Դանիան և Նորվեգիան փլեյ-օֆֆում կներկայանան մեկական ներկայացուցչով, որոնք երկուսն էլ տնային հանդիպումներ կանցկացնեն․ «Կոպենհագենը» կընդունի խորվաթական «Ռիեկային», իսկ «Ռոսնեբորգը»՝ նիդերլանդական ՊՍՎ-ին։
ԵԼ-ի փլեյ-օֆֆի մյուս խաղերում ռումինական «Կլուժը» սեփական հարկի տակ կընդունի էստոնական «Ֆլորային», խորվաթական «Դինամո Զագրեբը»՝ ֆիննական ԿուՊՍ-ին, իսկ բելառուսական «Դինամո Բրեստը»՝ բուլղարական «Լուդոգորեցին»։
Հիշեցնենք, որ ինչպես և նախորդ փուլերում, Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր դիմակայությունները ևս բաղկացած են մեկ խաղից։
Եվրագավաթներում այլևս ներկայացուցիչներ չունեն Ղազախստանը, Իսլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Լիխտեյնշտեյնը, Անդորրան, Ջիբրալթարը, Սան Մարինոն, Սլովենիան, Վրաստանը, Մալթան, Լատվիան, Լիտվան, Կոսովոն, Մակեդոնիան, Մոլդովան։
Նշենք նաև այն թիմերին, որոնք արդեն իսկ ունեն Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր․
🇮🇹 «Ռոմա», 🇮🇹 «Նապոլի»
🇩🇪 «Հոֆենհայմ», 🇩🇪 «Բայեր»
🇪🇸 «Վիլյառեալ», 🇪🇸 «Ռեալ Սոսեյդադ»
🇫🇷 «Լիլ», 🇫🇷 «Նիցցա»
«Լեսթեր», «Արսենալ»
🇵🇹 «Բենֆիկա», 🇵🇹 «Բրագա»
🇳🇱 «Ալկմաար», 🇳🇱 «Ֆեյենորդ»
🇦🇹 «Ռապիդ Վիեննա», 🇦🇹 «Վոլֆսբերգ»
🇧🇪 «Անտվերպեն», 🇧🇪 «Գենտ»
🇳🇴 «Մյոլդե»
🇮🇱 «Մակքաբի Թել Ավիվ»
«Սիվասպոր»
🇨🇿 «Սպարտա», 🇨🇿 «Սլավիա»
🇺🇦 «Զարյա»
🇨🇾 «Օմոնիա»
🇬🇷 ՊԱՕԿ
🇷🇺 ԲԿՄԱ Մոսկվա
Վար Բաբայան