«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը վստահ է, որ թիմի ֆուտբոլիստները «Ցելյեի» դեմ խաղում (1-0) կարողացան կատարել մարզչի հրահանգներն ու դրա շնորհիվ հասնել ցանկալի արդյունքի։ Այս մասին Գալստյանն ասաց Armsport-ի հետ զրույցում։
«Զգուշավոր խաղ էր։ Հավատում էի, որ այսօր անպայման հաղթելու ենք։ Տղաները իրոք կատարեցին մարզչի բոլոր հրահանգները և կարողացան հասնել այս արդյունքին։ Շնորհավորում եմ երկրպագուներին, ղեկավարությանը ու հայ ազգին այս հաղթանակի կապակցությամբ։ Հուսով եմ՝ հաջորդ փուլում ևս կշարունակենք հաղթանակով»։
Գալստյանն ընդունում է, որ երևանյան թիմի հաջորդ մրցակիցը անհամեմատ ուժեղ է ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի նախորդ տարվա մրցակից «Դյուդելանժից»։ Գալստյանի խոսքով՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում «Արարատ-Արմենիան» պետք է ամեն ինչ անի խմբային փուլ դուրս գալու համար։
««Ցրվենա Զվեզդան» պատմություն ունեցող թիմ է։ Նրանք անգամ Չեմպիոնների լիգայում են հաղթել։ Մենք լավ թիմ ունենք, ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկրորդ փորձից դուրս գանք Եվրոպա լիգայի խմբային փուլ»,-ասաց Գալստյանը։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրենը պատասխանեց նաև թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի անհաջող մեկնարկին վերաբերող հարցին։
«Կարծում եմ՝ Դավիդ Կամպանյային ժամանակ էր պետք թիմին հարմարվելու համար։ Նա այս ընթացքում հասկացավ թիմի բոլոր ֆուտբոլիստներին, ու ես կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,-եզրափակեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդան» է։