Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։ Առաջին կեսից հետո լուսատախտակին զրոներ են։
Ընդհանուր առմամբ, առաջին կեսն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ, սակայն որևէ լուրջ պահ Կամպանյայի թիմը չստեղծեց մրցակցի դարպասի մոտ։
Հանդիպման մեկնարկում երկու թիմերի գործողություններում էլ զգուշավորություն էր նկատվում։ 9-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը ձախ եզրում ստացավ տուգանային հարվածի իրավունք։ Ալեմաոյի փոխանցումից հետո գնդակը դուրս եկավ դաշտի եզրային գծից։
18-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, մրցակցի ֆուտբոլիստի հարվածից հետո Ստեֆան Չուպիչը հետ մղեց գնդակը։ Գրոհը շարունակվեց ձախ եզրով, որտեղից հետևեց փոխանցում տուգանային հրապարակ ու «Ցելյեի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Վտանգավոր պահից հետո «Արարատ-Արմենիան» սկսեց գնդակն ավելի շատ խաղարկել սեփական կիսադաշտում, իսկ հյուրերը հաճախակի խախտում էին կանոնները։ Երկու թիմերի գործողություններում էլ պակասում էր գրոհների սրությունը։