Ըմբշամարտը ևս քայլ առ քայլ վերադառնում է բնականոն կյանքի, սակայն դեռ վաղ է հարթ ուղու մասին խոսելը: Օրեր առաջ կայացավ ազատ ու հունահռոմեական ոճերի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանն Armsport-ի հետ զրույցում հայտնեց, որ գոհ է մրցաշարի անցկացումից: Մարիզչը նշեց, որ դժվար է 6 ամիս չմարզվելուց հետո արագ մարզավիճակ հավաքել և ինչ-որ տեղ դիտարժանության խնդիր կար: Խաչատրյանը հավելեց, որ 10 քաշային կարգում հիմնականում սենսացիաներ չեղան, բայց հաճելի անակնկալներ կային:
Armsport-ը զրուցեց նաև Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ:
Բաղդադյանը նշեց, որ այս պահին մրցաշարերի մասով ոչ մի հստակություն չկա, սակայն հոկտեմբերի 5-ին Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կազմկոմիտեի նիստի ժամանակ շատ հարցերի պատասխաններ կտրվեն:
Այս պահի դրությամբ սույն թվականի դեկտեմբերին նախատեսված աշխարհի մեծահասակների ու երիտասարդների առաջնությունը հետաձգված չէ:
Բաղդադյանը նշեց, որ այս պահին ազատ ոճի երիտասարդական հավաքականը Բելառուսի մրցաշարից հետո մնացել և հավաք է անցկացնում այնտեղ, հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում է հավաք անցկացնում։
Հունահռոմեական ոճի մեծահասակների հավաքականի հավաքն այսօր մեկնարկեց Օլիմպավանում, իսկ ազատ ոճի մեծահասակների հավաքականը, կրկին Օլիմպավանում, հավաք կանցկացնի՝ սկսած հոկտեմբերի սկզբից:
Արմեն Գարամյան