Արսեն Ջուլֆալակյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրում է բանավեճի ուղիղ եթերում։ Բանավեճի ընթացքում կողմերը, ըստ Ջուլֆալակյանի, պետք է քննարկեն նրա՝ մանդատը վայր դնելու հարցը։
«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը։
Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա․․․
Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց 🙂
Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-գրել է Ջուլֆալակյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Նա պարզաբանել էր, որ հիմնական պատճառը անհամաձայնությունն է ԿՄԳՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։