«Ասեմ, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց, գուցե, դրան կանդրադառնամ հաջորդող օրերին»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ իր հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով մանդատը վայր դնելու որոշման մասին։
«Ուզում եմ արձանագրել, որ անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, եւ մենք, հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք եւ շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում եւ իր, այսպես ասած, դիրքորոշումներով առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ խմբակցությունում ունեցել է հանդիպում մոտավորապես 1 կամ 1,5 ամիս առաջ, և այդ հարցերը չեն բարձրացվել.
«Ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանա անդրադառնալ: Եթե լիներ նման քննարկում, լիներ կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ: Նույն խմբակցության հետ քննարկման ժամանակ եղել են հարցադրումներ, որոնք եղել են օբյեկտիվ ընկալելի, և դրանք անպայման արտացոլվել են մեր գործունեության մեջ: Այդ առումով քննարկում չի եղել, և ես ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի»: