Այս ամիս կանցկացվի սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այս մասին Armsport-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:
«Սեպտեմբերի 25-27-ը կանցկացնենք մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որից հետո կլինի ուսումնամարզական հավաք: Տարեսկզբին մենք ունեցել ենք հավաքներ: Անցկացրել ենք Հայաստանի երիտասարդների ու պատանիների առաջնություն: Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո հավաքականի մարզիկները մարզվել են իրենց անձնական մարզիչների մոտ: Հայաստանի առաջնությունից հետո ավելի լավ պատկերացում կունենանք, թե ով ինչ մարզավիճակում է, և հենց մրցաշարի արդյունքներով էլ կկազմավորվի հավաքական թիմը»,-ասաց Խոջայանը:
Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների անցկացման ժամկետները շարունակում են անորոշ մնալ:
«Միջազգային բոլոր մրցաշարերը՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները հետաձգված են: Երիտասարդների ու պատանիների Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Սերբիայում, բայց հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերին՝ Եկատերինբուրգում, բայց դեռ ոչ մի հստակություն չկա: Միջազգային ֆեդերացիայից դեռ ոչ մի տեղեկություն չունենք մրցաշարերի վերաբերյալ».-եզրափակեց մարզիչը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ