Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ կայացրած որոշումն այսօր բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Այս մասին Լևոն Սահակյանը հայտնեց ArmSport-ի թղթակցի հետ զրույցում:
«Դատարանը պարոն Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողել է կալանավորումը՝ հիմք ընդունելով միայն ու միայն առաջադրված մեղադրանքի ծանրությունը, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված Ասլան Ավետիսյանի գործով որոշման դասական խախտում է։ Դատարանը ընդհանրապես ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ գործով հարցաքննված վկաները պարոն Լոռեցյանի հետ որևէ առնչություն չունեն, ուստի, բացառվում է նրանց նկատմամբ որևէ ապօրինի ազդեցության հնարավորությունը»,-նշեց փաստաբանը, որը միջնորդել էր իր պաշտպանյալին ազատ արձակել 1,5 միլիոն գրավի դիմաց, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:
«Դատարանը գրավի միջնորդությունը մերժեց նույն հիմնավորումներով, որոնցով կալանքը թողեց որպես խափանման միջոց: Դրա նկատմամբ վերաբերմունքս արտահայտել եմ արդեն Վերաքննիչ բողոքով: Շուտով Վերաքննիչ դատարանում կնշանակվի դատական նիստ, որը վստահ եմ, կլինի դռնբաց»,- մանրամասնեց Լևոն Սահակյանը:
Օրեր առաջ, Լոռեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննող դատական նիստը անցկացվեց դռնփակ, որով, ըստ փաստաբանի, խախտվել է Լոռեցյանի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով։
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստերը պետք է անցկացվեն դռնբաց։
Օրենքով նախատեսված բացառությունների շարքին են դասվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը վերաբերող նիստերը, որոնք պետք է անցկացվեն դռնփակ։
Տվյալ գործով արդեն վաղուց ավարտվել է մինչդատական վարույթը, ուստի, դատարանը քննել է կալանքի հարցը ոչ թե մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իմաստով, այլ պարզապես կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի հայտնի որոշման պահանջը։ Այլ կերպ՝ գործով որևէ մեկն այլևս կաշկանդված չէր նախաքննական գաղտնիքով, ու չկային հիմքեր դատական նիստը դռնփակ անցկացնելու համար»,-ասաց նա։
Գևորգ Լոռեցյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերի սկզբից: Իսկ նրա վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ ԱԱԾ-ն հայտարարեց նախորդ ամիս միայն:
«Նախաքննությունն այսքան երկար չէր ձգձգվի, եթե ԱԱԾ-ն չփորձեր մութ սենյակում կատու փնտրել, հատկապես, երբ այնտեղ կատու չկա»,- ասաց փաստաբան Սահակյանը։
Սեպտեմբերի 18-ին ժամը 17:00-ին Առաջին ատյանի դատարանում նշանակվել է Լոռեցյանի գործի քննության առաջին դատական նիստը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին (ըստ ամենայնի՝ «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանին) մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Քանանյանն ավելի ուշ ազատ է արձակվել:
Ստելլա Բաբլոյան