«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի «Նոայի» դեմ հանդիպումից հետո «Արարատի» ներկայացուցիչները խաղի արձանագրության մեջ մրցավարության բողոքարկման վերաբերյալ համապատասխան նշում են կատարել: Այսօր ըստ սահմանված կարգի ՀՖՖ-ին ուղարկվել է նամակ, որտեղ նշված են այն դրվագները, որոնցում Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական բրիգադը, մեր կարծիքով, սխալ որոշումներ է կայացրել: ՀՖՖ-ն առաջիկայում պետք է դիտարկի «Արարատի» բողոքը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ կայացած «Նոա»-«Արարատ» (2-1) խաղի վերջնամասում «Նոայի» ու «Արարատի» ֆուտբոլիստները բախվեցին «Արարատի» տուգանային հրապարակում, գլխավոր մրցավարը խախտում չնկատեց, թույլ տվեց, որպեսզի գրոհը շարունակվի, և երբ գնդակն արդեն հակառակ տուգանային հրապարակում էր, Ղալթախչյանը դադարեցրեց խաղը և, ամենայն հավանականությամբ, լսելով եզրային մրցավարի կարծիքը, «Արարատի» դարպասին նշանակեց 11 մետրանոց: