Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ներկա պահին 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացման մի քանի տարբերակ է դիտարկվում: Այս մասին նա հայտարարել է հեռավար խորհրդակցության ընթացքում, որն անցել է ՄՕԿ-ի Youtube-յան ալիքում:
Բախի խոսքով՝ հնարավոր է Օլիմպիական խաղերն անցկացնել նաև առանց երկրպագուների.
«Մենք դիտարկում ենք մի քանի սցենարներ Օլիմպիական խաղերի անցկացման: Հիմա ես չեմ կարող բարձրաձայնել այդ տարբերակները: Դրանց մասին հայտնի կդառնա Տոկիոյում կայանալիք խաղերից առաջ: Իրավիճակը փոխվում էամեն օր, այնպես որ դժվար է կանխատեսելը, թե ինչ կլինի 320 օր անց»,-ասել է Բախը:
Բախը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում խորհրդակցություն է անցկացվելու ՄՕԿ-ի ներկայացուցիչների և Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի անդամների մասնակցությամբ:
«Մենք դեռևս նախատեսում ենք անցկացնել անվտանգ ու հիանալի խաղեր: Շատ բան կախված է լինելու այն բանից, թե մենք կկարողանանք գտնել օպտիմալ որոշում»,-ասել է Բախը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի ամռանը: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն տեղափոխվեց 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: