Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ հանդիպումը՝ սեփական հարկի տակ մրցելով Էստոնիայի ընտրանու հետ: Երեկ կայացավ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հավաքականի նորեկ, կիսապաշտպան Արշակ Կորյանի մամուլի ասուլիսը:
Հետհայացք Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին
Իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի նորամուտը Հայաստանի հավաքական հաղթական չէր։ Նորանշանակ մարզչի գլխավորությամբ «նորացված» Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց Ազգերի լիգայի առաջին խաղում՝ հյուընկալվելիս 1։2 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Իհարկե, խաղի ընթացքն ու ելքն ամբողջովին այլ կլիներ, եթե չլիներ հենց մեկնարկում նշանակված 11 մետրանոցը, եթե չլիներ երկրորդ 11 մետրանոցը, եթե Արտակ Գրիգորյանն օգտագործեր իր պահը, եթե խաղադաշտում լիներ Հենրիխ Մխիթարյանը, եթե․․․
Հայաստանի հավաքականն իր խաղով մեզ վաղուց է ընտելացրել եթե-ներին, սակայն արդեն ժամանակն է, որ եթե-ները գոնե աշխատեն ի օգուտ մեզ։ Այդուհանդերձ, ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, Հյուսիսային Մակեդոնիան այդ խաղում ամենևին էլ ֆավորիտի կարգավիճակ ունեցող թիմի տպավորություն չթողեց։ Իհարկե մակեդոնացիներն ավելի քիչ էին սխալվում, երբ գնդակն իրենց մոտ էր, ավելի արագ էին խաղարկում այն, սակայն ամբողջ խաղի ընթացքում մրցակիցն աչքի չընկավ որևէ լուրջ գրոհով, իսկ 11 մետրանոցներն էլ մեր պաշտպանների միայն կոպիտ սխալների հետևանքն էին։ Ինչևէ, մոռանանք այդ պարտությունը: Կասկած չկա, որ բազմափորձ մասնագետն արդեն վերլուծել է սխալներն ու առաջիկա խաղում դրական փոփոխություններ կլինեն:
Ազգերի լիգան՝ որպես նախապատրաստություն
Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով ԱԱ-ի եզրափակիչ դուրս գալը փոքր-ինչ անիրատեսական է Հայաստանի հավաքականի համար։ Նոր ձևաչափով Ազգերի լիգայում խաղարկվում է Մունդիալի ընդամենը 2 ուղեգիր։
Անվանի մասնագետն արդեն մի քանի ամիս է ինչ գլխավորում է ազգային թիմը և իհարկե, լավ քաջատեղյակ է հավաքական հրավիրած ֆուտբոլիստների որակներից, սակայն մի բան է տեղյակ լինել, այլ բան՝ գործնականում կիրառել այդ որակները։ Կորոնավիրուսով պայմանավորված դադարի հետ կապված Հայաստանի ընտրանին Կապառոսի գլխավորությամբ չկարողացավ անցկացնել ընկերական հանդիպում և ըստ էության Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղը Կապառոսի համար առաջին փորձությունն էր։
Այս տեսանկյունից Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունը իսպանացի մասնագետի և Հայաստանի հավաքականի համար կարելի է համարել նաև նախապատրաստություն՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի համար։
Մեր մրցակիցը․ Էստոնիայի ազգային հավաքական
Էստոնիայի հավաքականն ՈւԵՖԱ-ի անդամ այն եզակի երկրների ընտրանիներից է, որոնք փորձում եմ տարեկան առավելագույնս շատ հանդիպումներ անցկացնել և բաց չեն թողնում օրացուցային պլանով նախատեսված ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունները։ Հատկանշական է, որ Էստոնիայի թիմը խաղացել է ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրի հավաքականների դեմ, և չի խաղացել միայն Կոսովոյի ընտրանու հետ, որը ՈւԵՖԱ-ի անդամ է դարձել 2016 թվականին։ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Էստոնիայի հավաքականի լավագույն դիրքը եղել է 2012 թվականին (42): Ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես են գալիս Էստոնիայի առաջնությունում։ Ֆուտբոլիստներ կան Ուկրաինայի և Ղազախստանի առաջնություններից, լեհական «Վիձեվից», Նորվեգիայի և Սլովենիայի առաջնություններից։ Իտալական ՍՊԱԼ-ում է հանդես գալիս 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Գեորգի Տունյովը: Վրաստանի հավաքականի հետ խաղում հավաքականում իր նորամուտը նշեց 18-ամյա դարպասապահ Կարլ Հեյնը, ով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայում: Ըստ Transfermarkt-ի, Էստոնիայի հավաքականում տրանսֆերային ամենաբարձր արժեքն ունի 27-ամյա պաշտպան Կարոլ Մեցը (900 հազար եվրո), որը հանդես է գալիս շվեդական ԱԻԿ-ում: Էստոնիայի հավաքականում է հանդես գալիս նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը, «Ալաշկերտի» նախկին պաշտպան Նիկիտա Բարանովը, ով այժմ խաղում է Կիպրոսի առաջնությունում:
Երկու հավաքականների դիմակայությունը
Հայաստանի և Էստոնիայի հավաքականները պատմության մեջ հանդիպել են 5 անգամ՝ 3 անգամ ընկերական և 2 անգամ պաշտոնական խաղերում: Անցկացրած 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 1 հաղթանակ, գրանցվել է 2 ոչ-ոքի, երկու անգամ էլ հաղթել է Էստոնիայի ընտրանին: Այդ խաղերում Հայաստանի հավաքականը խփել է 4 գոլ, բաց թողնելով 6-ը:
Թիմերի առաջին դիմակայությունը եղել է 1998 թվականին: Հայաստանի հավաքականը միակ հաղթանակը տարել է հենց առաջին դիմակայության ժամանակ: Աբովյանի մարզադաշտում կայացած ընկերական խաղում Սուրեն Բարսեղյանի գլխավորած թիմը հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի թիմից գոլի հեղինակ են դարձել Կարեն Բարսեղյանն ու Կարեն Սիմոնյանը: Մեկ տարի անց թիմերն ընկերական հանդիպում են անցկացրել Պյառնու քաղաքում: Էստոնացիները հաղթել են 2:0 հաշվով: Մունդիալ 2010-ի ընտրական փուլում երկու երկրների հավաքականներն ընդգրկված են եղել նույն խմբում: Երևանում թիմերը փոխանակել են երկուական գնդակ: Հայ ֆուտբոլիստներից գոլի հեղինակ են դարձել Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը, իսկ Տալինում մեր ընտրանին պարտվել է նվազագույն հաշվով: 2018-ի մարտին թիմերը Երևանում ընկերական հանդիպում են անցկացրել, որն ավարտվել է գոլազուրկ:
Նորից հաղթանակի սպասումով
Ինչպես երեկ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեր խմբում բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են՝ շատ բան կախված է մարզական բախտից և կարող է վճռորոշ լինել ցանկացած սխալ: Ամեն դեպքում, այս խաղում Հայաստանի հավաքականն ու անձամբ Խոակին Կապառոսն ապացուցելու շատ բան ունեն: Մեզ մնում է միայն հուսալ, որ այսօրվա խաղից հետո չենք ապավինի եթե-ների շարքին, և Հայաստանի հավաքականը վերջապես կկոտրի սառույցը՝ Էստոնիայի հավաքականի հետ վերջին 4 անհաջող խաղերից հետո:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ