Ձայներիզ N 1
Անգլիական Դանսթոնում կյանքն ընթանում էր բնականոն հունով: Փողոցային շները հաչում էին կատուների վրա, կատուները մլավում էին մկների վրա, դե իսկ մկներն էլ հետաքրքրությամբ փորփրում էին աղբամաններում թողնված պարկերը:
Աշխույժ երեխաները դպրոց էին շտապում, դե իսկ ալարկոտ ծնողները երազում էին գոնե մի քանի ժամով ազատվել նրանցից և մինչև աշխատանքի վայր մեկնելը՝ հանդարտ մթնոլորտում մի գավաթ սուրճ ըմպել:
Նպարավաճառի կրպակի կողքին գտնվող գեղեցկության սրահի միակ և անկրկնելի տնօրեն տիկին Քերոլ Հարոլդը ձեռքն իջեցրել էր ոսպով լի տարայի մեջ, լսում էր Փոլ Մաքարթնիի ձայներիզը և նայում պետքարանի մոտ իրար հետ վիճող աղջիկներին:
Նրանք հերթական անգամ վիճում էին այն մասին, թե ո՞վ պետք է բեռնակիր Ջոնի հետ գնա ժամադրության: Քերոլը, ով կարոտել էր տղամարդկային ջերմությանը, ինչպես շաքարավազը տաք թեյին, ձեռքը հանեց ոսպով լի տարայից և հայտարարեց.
«Լսե՛ք ինձ, ես եմ այդ Ջոն կոչվածին ժամադրության հրավիրել: Հանգստացեք և վերադարձեք ձեր աշխատանքին»:
Այս շրջադարձային հայտարարությունից երեք տարի անց, ծնվեց Փոլ Գասկոյնը (կարծում եմ գուշակում եք, թե ում պատվին էր ընտրվել այդ անունը), ով պետք է դառնար անգլիական ֆուտբոլի ամենահակասական կերպարներից մեկը:
Դեռ երեք տարեկան հասակում տիկին Քերոլը հասկացավ, որ Գասկոյնի հետ ձանձրանալու առիթ չես կարող ունենալ:
Մանկապարտեզում Փոլի գլխին աղյուս էին նետել, որի հետքերը Գասկոյնի հետ կմնան նրա ամբողջ կյանքի ընթացքում: Դպրոցում Գասկոյնը ցատկել էր բարձր ծառից և կոտրել զույգ ձեռքերը: Հարազատ քրոջից կարտոֆիլի չիպս խլելու համար, Փոլը զրկեց նրան առջևի երկու ատամներից՝ ցուցադրելով բռնցքամարտիկի նախանձելի ունակություններ:
10 տարեկան հասակում Գասկոյնը հանդիպեց իր լավագույն ընկերոջը ՝ Կիտ Բերնսին, ում հետ միասին քաղցրավենիքներ էր գողանում մոտական խանութից: Մի օր նրանք այդ գործին միացրին Կիտի եղբորը ՝ Սթիվենին, ով գողանալով մեկ շոկոլադ այնքան էր շտապում լքել խանութը, որ վազելիս ընկավ մեքենայի տակ և մահացավ:
Այս ամենին զուգահեռ, վատանում էր Գասկոյնի հոր առողջական վիճակը, ով այլևս չէր կարողանում աշխատել: Նրա կինը ստիպված էր բանել 4 վայրերում, որպեսզի հոգար ընտանիքի կարիքները:
Ջոն Գասկոյնը վստահ էր, որ իր տղայի անսպառ էներգիան պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործել: Ֆուտբոլային մարզադպրոցները հաջորդում էին մեկը մյուսին:
Ձայներիզ N 2
«Նյուքասլի» մարզադպրոցը դարձավ այն սկզբնակետը, որտեղ իր առաջին քայլերն արեց ֆուտբոլիստ Փոլ Գասկոյնը: Մի օր ուսուցիչը նկատեց, որ Գասկոյնը նշումներ է կատարում տետրում:
«Այդ ի՞նչ ես անում, տղաս»,- հարցրեց ուսուցիչը:
«Ստորագրությունս եմ մարզում, չէ՞ որ ֆուտբոլային աստղ եմ դառնալու», անհոգ ժպիտով պատասխանեց Գասկոյնը:
Գասկոյնը հայտնի դարձավ դեռ 14 տարեկանում, սակայն, ոչ թե գնդակը վարպետորեն գլորելու, այլ խմիչք օգտագործելու, սոսինձ հոտոտելու և վիճաբանություն հրահրելու մեջ:
«Նյուքասլում» մարզվելու տարիներին Գասկոյնը տառապում էր խուճապային սինդրոմով: Նա վստահ էր, որ իրեն դուրս կշպրտեն թիմի ակադեմիայից և նա ստիպված կլինի իր հոր նման բեռնակիր աշխատել: Սակայն այս վախերը նրան չէին խանգարում առանց վարորդական իրավունքի մեքենա վարել ՝ վրաերթի ենթարկելով տարեց մի բայքերի:
Խաղադաշտում Գասկոյնն անկասելի էր, իսկ խաղադաշտից դուրս ՝ անվերահսկելի: «Նյուքասլի» ղեկավար Սթեն Սեյմուրի խոսքերն ամենալավն են բնութագրում այս տղային:
«Փոլը նոր Ջորջ Բեսթն է, բայց ՝ առանց ուղեղի: «Տոտենհեմը» որոշեց գնել այդ կռվարարին. դե ինչ, սրտանց ցավակցում եմ նրանց»,-ասել էր Սեյմուրը:
«Տոտենհեմի» կազմում Փոլը ֆանտաստիկ հանդիպումները զուգորդում էր հիմար արարքների հետ: Չկար մի հանդիպում, որից հետո նա վիրակապով չհեռանար խաղադաշտից: Մրցակցի ֆուտբոլիստները նրա դեմ դուրս էին գալիս ինչպես պատերազմի, և դա Գասկոյնին դուր էր գալիս:
Մենք կարող ենք դեռ երկար շարունակել այս շարքը, սակայն, «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի աստղի կյանքի մութ էջերը թվարկելը մեր գլխավոր նպատակը չէ: Իսկ ո՞րն է այն.
Ձայներիզ N 3
1990 թվական. Անգլիայի հավաքականը Գասկոյնի փառահեղ խաղի շնորհիվ հասավ մինչև ԱԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Գերմանիայի հավաքականին: Այդ պարտությունը այնքան էր տխրեցրել Գասկոյնին, որ նա չդիմացավ գայթակղությանը և դիմեց իր հին ընկերոջ օգնությանը ՝ խմիչքին:
«Չեմ կարող մոռանալ այդ օրը: Պառկած էի անկողնումս, երբ ինձ զանգահարեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ տղայիս ծեծել են: Այդ պահին ինքս ինձ հարցնում էի. ո՞վ, ինչու՞, ինչպե՞ս:
Տղաս իր ընկերների հետ բարում նշում էր ծննդյան տարեդարձը, երբ մի երիտասարդ հայհոյել է նրան և ծեծի ենթարկել: Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞»:
Սրանք Դորա Մեյնսի խոսքերն էին, որը նա ասել էր ոստիկանների հետ զրույցում: Հենց այս կնոջ որդուն էր ծեծի ենթարկել Փոլ Գասկոյնը:
Անգլիական հասարակությունը, որն արդեն ծանոթ էր Գասկոյնի «հնարքներին», անմիջապես արձագանքեց: Եվ այդ արձագանքը կարող է ուսուցողական լինել շատերի համար:
Նրանք չլծվեցին կողմերից մեկին պախարակելուն: Այո, Գասկոյնը մեղավոր էր և պետք է կրեր իր արժանի պատիժը, սակայն, դա չէր նշանակում, որ նրա ունեցած վաստակն Անգլիայի հավաքականում պետք էր գետնով տալ:
Սա մի բարդ պրոցես է, որն ամեն մի հասարակություն չի կարող անցնել: Դրա համար որոշ հասունություն և իմաստություն է անհրաժեշտ:
Հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ստեղծվեց համերաշխության մի հանձնաժողով, որտեղ ընդգրկվեցին Փոլ Գասկոյնը և տուժած երիտասարդի հարազատները: Հասարակությունը ընտրեց իր անդամներին չնվաստացնելու, այլ ոտքի կանգնեցնելու և ճիշտ ուղղուն վերադարձնելու ճանապարհը:
«Ես գիտեմ, որ բաժակ եմ կիսել Սատանայի հետ: Գիտեմ, որ ցավ եմ պատճառել անմեղ մարդկանց: Գիտեմ, որ խմիչքն այն ռետինն է, որը ջնջում է մեր հիշողությունները: Գիտեմ նաև, որ կուզեի արբել և մոռանալ կատարածս արարքը, բայց ՝ ոչ:
Չեմ կարող մոռանալ, քանի որ դուք էլ ինձ չմոռացաք: Շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար, որին միգուցե արժանի էլ չէի:
Շնորհակալ եմ, տիկին Դորային, ում ներողամտությանն արժանանալը պատիվ է ինձ համար: Շնորհակալ եմ նրա որդուն, ով այս պահից իմ եղբայրն է: Ցանկացած խփածս գնդակ, նվիրվելու է այս հրաշալի մարդկանց, ովքեր գիտեն ներել, ովքեր ներում են գիտենալով»,- անգլիական հասարակությանն ուղղված իր խոսքում ասաց Գասկոյնը:
Անգլիացիները հասկացան, որ չի կարելի ձայներիզի կամ մեզ ավելի ծանոթ ՝ կասետի լենտի վրա եղած ինֆորմացիան մեկ շարժումով ջնջել և նորը ձայնագրել:
Մարդիկ սխալվում են, մարդիկ ընդունում են իրենց սխալները և վերջիվերջո ՝ մարդիկ ուղղում են այդ սխալները:
Ահա, թե որն էր մեր նպատակը: Սրանք այն դասերն են, որոնք պետք կգան մեզնից յուրաքանչյուրին:
Նարեկ Գրիգորյան