Մեկնարկում է Ազգերի Լիգայի նոր մրցաշրջանը: ԱԼ-ի այս մրցաշրջանը նախորդից տարբերվում է նրանով, որ այս մրցաշարի միջոցով խաղարկվում է ԱԱ միայն 2 ուղեգիր: Ավելորդ է հույսեր ունենալ, որ մեր ըտրանին կարող է լինել այդ 2 հավաքականներից մեկը: Միակ դրական կողմը կարող է այն լինել, որ խմբում հաղթանակը մեզ կբարձրացնի ավելի բարձր դիվիզիոն:
Ակումբային մակարդակով հայ-մակեդոնական դիմակայությունից տեղափոխվում ենք արդեն հավաքականների ասպարեզ:
- Նոր Ազգերի Լիգա
Հայաստանի հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի ու Վրաստանի հավաքականների հետ:
Առաջիկա խաղը մեզ համար բացառիկ է տարբեր առումներով: Նոր մարզչական կազմ, նոր ֆուտբոլիստներ: Թվում է՝ ամեն ինչ իդեալական է, սակայն մեկնարկում մեր հավաքականին չմիացավ Հենրիխ Մխիթարյանը՝ ապագայում միանալու խոստումով: Սակայն, այսօր Մխիթարյանի՝ հավաքականին չմիանալու հարցը քննարկելու օրը չէ:
Մենք մտնում ենք նոր շրջափուլ՝ իրատեսական ցանկություններով ու երազանքներով՝ կրկին ու կրկին լսելի դարձնելու հայ երկրպագուի սրտի բաբախյունը:
Կապառոսը մինչ հավաքականի ղեկին իր առաջին հանդիպման մեկնարկի սուլիչն այնքան վստահություն է կուտակել իր շուրջ, որ թվում է, որ մենք հաղթանակից բացի այլ արդյունք ակնկալել չենք կարող:
- Հայ-մակեդոնական բազմամյա դիմակայություն
Մակեդոնիայի հետ խաղալու մեծ փորձ ունենք: Հանդիպել ենք 8 անգամ, որից 3-ում հաղթել ենք, խաղացել ենք 2 ոչ-ոքի ու պարտվել 3 խաղում: Ամենահիշարժանը, թերևս, 2012 թ-ի ԵԱ ընտրական փուլի Սկոպյեում կայացած դիմակայությունն է: Յուրան բացեց հաշիվը: Այնուհետև, երկրորդ խաղակեսի վերջնամասը իսկական մղձավանջ էր. Յուրան «մահացու» դիքերից վրիպում էր, իսկ Մանոյանն ու Մխիթարյանը թույլ էին հարվածում: Այդ պահին, խաղի մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն ասաց հետևյալ միտքը.
«Հաճույքով կավարտեի այս ռեպորտաժը, բայց ստիպված եմ շարունակել»:
Քալանթարյանի այդ խոսքից վայրկյաններ անց փոխարինման մտած Էդգար Մանուչարյանը, իր՝ մեծ ֆուտբոլ վերադարձի խաղում, գտնվելով չափազանց սառնասիրտ, առաջ մղեց մեր հավաքականին, սակայն րոպեներ անց, ամենավերջում, անհասկանալիորեն, Արարատ Առաքելյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, իսկ մրցակիցը 11 մետրից չներեց:
Հիշարժանների շարքից է նաև 2018 թ-ին, կրկին Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում, մեր ընտրանու ջախջախիչ՝ 4-0 հաշվով տարած հաղթանակը: Վերջին 7 տարում մակեդոնացիները 4 և ավելի գնդակի տարբերությամբ պարտվել են միայն Հայաստանին ու Իսպանիային: Վերջինս 2 անգամ՝ 2014-ին ու 2016-ին, հաղթել է 4 գնդակի տարբերությամբ:
Առաջարկում ենք շատ չընկնել պատմության գիրկը, քանի որ վիճակագրությունը միայն պատմություն է:
- Թիմերի հայտացուցակները
Վերջին օրերին շատ խոսվեց այն մասին, որ մակեդոնացիների հիմնական դարպասապահ Դմիտրևսկին չի մասնակցի հանդիպմանը, սակայն դա այնքան էլ մեծ առիթ չէ ուրախանալու համար: 2018 թ-ին կայացած Հայաստան-Մակեդոնիա խաղում նույն Դմիտրևսկին անթիվ սխալներ թույլ տվեց: Թիմի երկրորդ դարպասապահը «Արսենալի» Մ-23 տարեկանների թիմի դարպասն է պաշտպանում:
Մակեդոնիայի հավաքականում խաղացողներ կան Պորտուգալիայի, Իտալիայի, Անգլիայի ու Իսպանիայի առաջնություններից: Թիմի խաղացողների մեծ մասի տարիքը տատանվում է 23-ից 28-ի մեջ:
Թիմի ավագը բազմափորձ Գորան Պանդևն է:
Ի դեպ, վերոնշյալ 2010 թ-ին կայացած Մակեդոնիա-Հայաստան խաղից այս կազմերում կան միայն Գորան Պանդևը, Իվան Տրիխովսկին, Հովհաննես Համբարձումյանն ու Վարազդատ Հարոյանը:
Մեր հայտացուցակից Մակեդոնիայի առաջնությունում ժամանակին խաղացել են Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը:
Մեր հայտացուցակում կան նորեկներ՝ ի դեմս Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի, Դավիթ Յուրչենկոյի, Վահան Բիչախչյանի, Սոլոմոն Իմե Ուդոյի, Վբեյմար Անգուլոյի ու Արթուր Գրիգորյանի:
Առաջին 4-ն ամենասպասվածն էին: Դարպասապահի դիրքում վերջին տարիներին փնտրտուքների մեջ էինք և, վերջապես, ունենք Յուրչենկոյին: Այն նույն Յուրչենկոյին, որին երկար տարիներ չէր կարողանում հավաքական բերել Ռուբեն Հայրապետյանը: Այստեղ միակ ցավոտ կողմն այն է, որ Դավիթն արդեն 34 տարեկան է: Մեգասպասվածներից էին նաև Բայրամյանն ու Կորյանը:
Գաղտնիք չէ, որ այս երկու խաղացողները ժամանակին ցանկանում էին հանդես գալ Ռուասաստանի հավաքականում, իսկ հիմա պատկերն այլ է: Ամենալուսավոր կետերից մեկը՝ Վահան Բիչախչյանը, վերջապես մեր ազգային թիմում է: Միգուցե, շատերն ասեն, որ Վահանն ընդամենը 21 տարեկան է, ի՞նչ վերջապես, բայց նրա ֆուտբոլն այնքան հասուն է, որ, միգուցե, ավելի շուտ կարող էր լինել հավաքականում: Վնասվածքներն արդեն անցյալում են, և Վահանի մեծ ապագան առջևում է (սատանայի ականջը խուլ):
Ուդոն ու Անգուլոն եկել են Գրիգորյանի ու Հովսեփյանի համար մրցակցություն առաջացնելու: Դժվար է ասել՝ նրանցից ո՞ր մեկը կլինի Գրիգորյանի խաղընկերը՝ խադաշտում, կամ, միգուցե, երկուսն էլ չլինեն, բայց, միանշանակ, երկուսն էլ եղանակ կարող են ստեղծել: Ինչ վերաբերում է Գրիգորյան Արթուրին, ապա վերջինս իր դիրքում առաջնային տարբերակներից չէ:
- Սկսենք սկզբից.
Բոլորս էլ վստահ ենք, որ Յուրչենկոյի տեղը խաղադաշտում չի քննարկվում: Պաշտպանության կենտրոնում կլինի Հարոյանը, որքան էլ որ խաղային պրակտիկայի պակաս ունի, իսկ նրա կողքին կտեսնենք Չալըշըրին: Պաշտպանության եզրերում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք Համբարձումյանին ու Հովհաննիսյանին: Հենակետային գոտում, Արտակի կողքին հնարավոր է տեսնենք Անգուլոյին: Եզրերում կմանևրեն Ղադիմյանն ու Բարսեղյանը (այս պահին, կարծում եմ, Կապառոսը նախապատվությունը կտա Բարսեղյանին): Ենթահարձակվողի դիրքում, հնարավոր է, փորձարկվի Էդգար Բաբայանը, իսկ հարձակման կրակագծում մեկնարկային րոպեներից կլինի Կարապետյանը:
Վերջում մնում է հիշեցնել, որ խաղը կայանալու է սեպտեմբերի 5-ին. մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17-ին: Խաղը կկայանա «Ֆիլիպ 2-րդ» արենայում: Բոսնիա և Հերցեգովինայից մրցավարական բրիգադը՝ Իրֆան Պելյտոյի գլխավորությամբ կսպասարկի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Եզրերում նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ չորրորդ մրցավարը Ադմիր Սեհովիչն է:
Արմեն Գարամյան