Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին քննադատել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին, տեղեկացնում է Sport,es-ը:
«Ակումբից հեռանալու որոշումը մեկ օրում չեմ կայացրել: Բարտոմեուն այս տարվա ընթացքում տեղյակ է եղել իմ ցանկության մասին:
Կարծում եմ, որ ավելի երիտասարդ ֆուտբոլիստները պետք է առաջ տանեն «Բարսելոնան»: Գիտեմ, որ իմ ժամանակն այստեղ հաշված է: Ցավալի է, քանի որ միշտ ցանկացել եմ կարիերաս կապտանռնագույն մարզաշապիկով ավարտել:
Ինչ խոսք, բարդ տարի ստացվեց, բայց կարող եք վստահ լինել ՝ ակումբից հեռանալու որոշումը չեմ կայացրել «Բավարիայից» կրած ցավալի պարտությունից հետո: Այս միտքն ինձ հետ եղել է ողջ տարվա ընթացքում և ակումբի ղեկավարն իմացել է դրա մասին:
Բարտոմեուն խոստացավ, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող եմ որոշում կայացնել իմ ապագայի վերաբերյալ: Ցավոք, նա դրժեց իր խոստումը և սկսեց խուսափողական պատասխաններ տալ:
Ստիպված էի պաշտոնապես հայտարարել իմ որոշման մասին: Դա չեմ արել ակումբին վնաս տալու կամ լարված մթնոլորտ ստեղծելու համար: Նման բան չի կարող լինել. պարզապես, կայացրել եմ մի որոշում, որը մի օր իրականություն կդառնա»,- ասել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ Մեսսին այսօր հայտարարեց ՝ «Բարսելոնայում» ևս մեկ մրցաշրջան մնալու մասին: