Երևանի Գրանդ սպորտ մարզահամալիրում անցկացվում են տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունները։ Պատվավոր մրցանակի համար պայքարում են ութական թիմեր։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ավարտվել են նախնական փուլերի հանդիպումները և հայտնի են դարձել լավագույն քառակները, ինչպես նաև՝ մրցանակային եռյակի համար պայքարող թիմերը։ Կանանց եզրափակիչում հաղթողին կորոշի Վան-2—Ավան երևանյան թիմերի մրցավեճը, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն մայրաքաղաքի Վան-1-ը և Կոտայքի մարզի Գեղաշենը։
Տղամարդկանց մրցաշարում կմրցեն համապատասխանաբար ՖԻՄԱ-2 — ՀՀ պատանեկան հավաքականը ու երրորդ տեղի համար՝ ՖԻՄԱ-1—ՖԻՄԱ-3 թիմերը։ Մրցումները տեղի կունենան այսօր երեկոյան՝ առանց հանդիսականի։
Սեպտեմբերի 16-20-ը Թուրքիայի Իզմիրում նախատեսված է անցկացնել լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանը հայտավորել է մինչև 18 տարեկան տղաների հավաքականին, որը լավ մարզավիճակում է։ Միակ խնդիրը համավարակին առնչվող սահմանափակումներն են։