Սեպտեմբերի 5-ին սպասվում է օնլայն շախմատային մրցաշար հայ և ռուս շախմատիստների մասնակցությամբ: Մրցաշարն անցկացվում է Երևանի «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ՝ Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում։
«Նախաձեռնությունը եղել է
Երևանում «Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանից: Մենք էլ մեծ ուրախությամբ ընդունել ենք, գնացել, որովհետև տեսնում ենք համագործակցության դրական կողմը: Ավելի հաճելի է, որ մեզ միացավ նաև Մոսկվայի շախմատի ֆեդերացիան»,-
ArmSport-ի հետ զրույցում պատմում է Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը։
Շախմատային օնլայն մրցաշարը կունենա գրեթե 400 մասնակից: Տարիքային սահմանափակում չկա:
«Այս ամիս Մոսկվայի 873-րդ ամյակն է, և սա հարգանք է Մոսկվայի և Երևանի բարեկամական հարաբերություններին, իսկ այս մրցաշարն էլ օժանդակում է: Ցանկացած միջոցառում, երբ կա միասնություն, դա միշտ էլ շատ հաճելի է: Մրցումները տեղի են ունենալու սեպտեմբերի 5-ին՝ շվեյցարական մրցակարգով և անցկացվելու է օնլայն: Այս ձևաչափն ունի, իհարկե, իր լավ և վատ կողմերը: Լավն այն է, որ մարդը տանը նստած կարող է խաղալ, մյուս կողմից էլ ռիսկային է, որ ամեն պահ կարող է կապի խնդիր առաջանալ: Հիմա այս իրավիճակը ստիպել է, որ օնլայն մրցաշարեր ավելի շատ կազմակերպվեն: Երբ իրավիճակը փոխվի, կվերադառնանք նորմալ կարգավիճակի»,-ասում է Լպուտյանը:
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրենը նաև շնորհակալություն է հայտնում Մոսկվայի տան տնօրինությանը. «Միշտ չէ, որ մարդիկ լինում են շատ ակտիվ, գնահատում եմ սերը, միությունը, համերաշխությունը: Սրանք կարևոր արժեքներ են և որքան շատ լինեն, այդքան մեր աշխարհի միջավայրն ավելի լավը կդառնա»:
«Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանը հույս է հայտնում, որ այս մրցաշարը կդառնա ավանդական և կանցկացվի ամեն տարի.
«Ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել այս մրցաշարը, թեկուզ օնլայն ֆորմատով։ Ռուս և հայ շախմատիստներն աշխարհում ամենաուժեղ հավաքականներն ունեն։ Համոզված եմ, որ մասնակիցների միջև կընթանա հետաքրքիր պայքար։ Հաղթողը մեկն է լինելու, բայց բոլորն էլ հաղթող են, քանի որ կերտում են պատմություն։ Հույս ունենք, որ մրցաշարը կդառնա ամենամյա և կներկայանա «Մոսկվայի օրվա» անվամբ։ Ուրախ եմ, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ իրականություն դարձրեցինք մրցաշարը»,- ասում է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ