Արդեն մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ի նոր մրցաշրջանը։ Այս առաջնությունը միշտ էլ հարուստ է եղել երիտասարդ տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներով, ովքեր հետագայում համալրել են թոփ ակումբների շարքերը։ Նախորդ մրցաշրջանը բացառություն չէր և մենք ականատես եղանք մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների հիանալի մրցաշրջանին՝ Կամավինգա, Օսիմեն, Ռայկովիչ ․․․ իսկ նոր մրցաշրջանը խոստանում է մեզ պարգևել ևս մի շարք բացահայտումներ և այսօր առաջարկում ենք ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստների հետ, ովքեր հնարավոր է իրենց մասին լսեցնել տան հենց այս մրցաշրջանում։
Յոան Վիսա
Ֆրանսիա
23 տարեկան
«Լորյան»
Այս մրցաշրջանը հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար ամենայն հավանականությամբ (եթե արտառոց ոչինչ չլինի) կլինի առաջին լիարժեք մրցաշրջանը ֆրանսիական էլիտայում։ Մինչ այդ ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես էր եկել ֆրանսիական երրորդ և երկրորդ լիգաներում, իսկ «Լորյանի» կազմում հանդես է գալիս արդեն 4-րդ տարին։ Նախորդ մրցաշրջանը թերևս լավագույնն էր Վիսամի կարիերայում․ նրա խփած 15 գնդակները օգնեցին ֆրանսիական ակումբին ձեռք բերել Լիգա 1-ի ուղեգիր։ Նոր մրցաշրջանի մեկնարկն էլ վատ չի դասավորվում 23-ամյա Յոանի համար․ նա արդեն հասցրել է մեկ գոլ խփել Լիգա 1-ի մեկնարկային տուրում։ Ունիվերսալ ֆուտբոլիստը, ով հաջողությամբ հանդես է գալիս թե՛ եզրային, թե՛ կենտրոնական հարձակվողի դիրքում (երբեմն էլ խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում), լավ հնարավորություն ունի իր խոսքն ասելու մեծ ֆուտբոլում, որից, կարծում եմ, Վիսամը անպայման կփորձի օգտվել։
Քևին Դենկի
🇹🇬 Տոգո
19 տարեկան
«Նիմ»
Ինչպես մեր նախորդ հերոսը, 19-ամյա հարձակվողը մեկնարկային տուրում ևս կարողացել է իր գոլերի հաշիվը բացել նոր մրցաշրջանում։ «Նոր Ադեբայորը» համարվում է իր երկրի հավաքականի ապագա աստղը և երիտասարդ ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի կրկնել իր հայրենակցի հաջողությունները եվրոպական ֆուտբոլում։ Քևինը հենց «Նիմի» սան է, իսկ իր թիմի հիմնական կազմում սկսել է հանդես գալ դեռ նախորդ մրցաշրջանից։ Աֆրիկացի խոստումնալից ֆուտբոլիստների համար ֆրանսիական լիգան հիանալի ցատկահարթակ է թոփ ակումբներում հայտնվելու համար, իսկ Դենկին ունի բոլոր նախադրյալները դառնալու թոփ ֆուտբոլիստ։ Այնպես որ, պետք է շարունակել քրտնաջան աշխատել, մի փոքր էլ հաջողությունը չէր խանգարի, և շուտով հնարավոր է՝ մենք ավելի հաճախ լսենք Քևին Դենկի անունը։
Բենուա Բադիաշիլ
Ֆրանսիա
19 տարեկան
«Մոնակո»
Ֆրանսիայի Մ19 հավաքականի պաշտպանը արդեն երրորդ մրցաշրջանն է անցկացնում Լիգա 1-ում։ Հատկանշական է, որ նա ևս արդեն աչքի է ընկել գոլով՝ այն էլ մեկնարկային երկու տուրերում, ու այդ երկու գոլերի շնորհիվ «Մոնակոն» այժմ իր ակտիվում ունի 4 միավոր։ Բարձրահասակ պաշտպանը (194 սմ) «Մոնակոյի» սան է և այն քիչ ֆուտբոլիստներից մեկը, ով ֆրանսիական ակումբի համար ոչ այդքան հաջող նախորդ մրցաշրջանում բավականին լավ տպավորություն էր թողել։ Պատահական չէ, որ նրա ծառայություններով արդեն իսկ հետաքրքրվում են մի քանի գրանդ ակումբներ (օրինակ՝ ՄՅՈւ-ն)։ Այս մրցաշրջանը կարող է բեկումնային լինել երիտասարդ ֆուտբոլիստի համար և եթե նա շարունակի իր առաջընթացը, ապա մոնեգասկներին առաջիկայում դժվար կլինի պահել ֆուտբոլիստին Միջերկրական ծովի ափերին։
Ջոնաթան Բամբա
Ֆրանսիա
24 տարեկան
«Լիլ»
Բամբան վաղուց է համարվում ֆրանսիական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Երկու տարի առաջ «Սենտ Էտյենից» տեղափոխվելով «Լիլ»՝ նա պարզապես հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Սակայն նախորդ մրցաշրջանը, մեղմ ասած, 24-ամյա ֆուտբոլիստի մոտ չստացվեց․ նա դարձավ ընդամենը մեկ գոլի հեղինակ։ Նոր մեկնարկած առաջնությունում Բամբան բավականին լավ տպավորություն է թողնում և կարծես թե վերգտել է իր խաղը։ Նա, ինչպես և մեր այսօրվա բոլոր հերոսները, մեկնարկային տուրում ևս աչքի է ընկել խփած գնդակով։ Իսկ երկրորդ տուրի՝ «Ռեյմսի» հետ խաղում նրա միակ գոլը հաղթանակ է բերում «դոգերին»։ Օսիմենի հեռանալուց հետո «Լիլին» նոր առաջատար է պետք, և թվում է՝ այդ դերը այս մրցաշրջանում կստանձնի հենց Ջոնաթանը։
Ամինե Գոուրի
Ֆրանսիա
20 տարեկան
«Նիցցա»
Լավ մտահապեք այս ֆուտբոլիստի անունը։ Ամինեն հավակնում է դառնալ Լիգա 1-ի այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը, և առաջնության մեկնարկային տուրում երիտասարդ կենտրոնական հարձակվողի դուբլը արդեն իսկ կարելի է լավ մեկնարկ համարել նոր թիմի կազմում։ Այո, նոր, քանի որ նա համալրել է «Նիցցայի» կազմը այս ամառ՝ տեղափոխվելով «արծիվների» ճամբար «Լիոնից»։ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը անցկացրել է «Լիոնի» երկրորդ թիմի կազմում, սակայն այդ ակումբում կարծես թե այդքան էլ չէին հավատում 20-ամյա ֆուտբոլիստի հաջողություններին և նրան ուղարկեցին «Նիցցա»՝ 7 մլն եվրոյի դիմաց։ Դե ինչ, միգուցե Ամինեն հենց այս մրցաշրջանում ապացուցի իր նախկին թիմին, որ սխալ էր իրենից բաժանվելը, իսկ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել տաղանդավոր ֆուտբոլիստին մեծ ֆուտբոլում․․․
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Չեմպիոնների Լիգայի նոր հրաշագործները
Սևիլյայի սելեկցիան շարունակում է փայլել
ՌՊԼ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստները
Վալենսիան շարունակում է մնալ ֆուտբոլային քաղաք
Աֆրիկայի ամենաթանկարժեք 5 ադամանդները
5 ռմբարկուներ ոչ թոփ առաջնություններից
ՌԲ Լայպցիգը՝ ապագա աստղերի դարբնոց
Դեղձանիկները դեռ կճախրեն ֆուտբոլային երկնակամարում
Շոտլանդիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները
Լավագույնները Ա Սերիայի նկուղում
Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում
Բեռլինում նոր աստղեր են հասունանում
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում