Օգոստոսի 25-ն այն ելակետն է, որի մասին մտածելն անգամ անհնար էր թվում: Լեո Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:
«Բավարիայից» կրած ստորացուցիչ պարտությունը (2-8), դարձավ այն վերջին կաթիլը, որը Մեսսիին ստիպեց «վերցնել գրիչը» և գրել այս տողերը. ես հեռանում եմ:
Այդ օրը վերջնականապես փլուզվեց մի առասպել, որը ինքներս էինք հորինել:
Մեկ անձը կարող է փոխել պատմության ընթացքը:
Ոչ, ցավոք ՝ ոչ: Նա կարող է ազդել պատմության ընթացքի վրա, դանդաղեցնել անշրջելի կործանումը, բայց չի կարող ոտքի մեկ շարժումով կանգնեցնել սլացող գնացքի ընթացքը: Դա չի կարող անել նույնիսկ Լեոն, նույնիսկ իր հրաշագործ ձախ ոտքով:
Մեսսին հիասթափված է ակումբի վարած քաղաքականոևթյունից, իրականացած կամ չիրականացած տրանսֆերներից և ամենակարևորը ՝ Խոսեպ Բարտոմեուից:
«Բարսելոնայի» ներկայիս նախագահն իրապես պատմական կերպար է:
Հաճախ, պատմական կերպարները մեզ հրամցվում են որպես՝ հաջողակ և աշխարհաստեղծ հերոսներ, սակայն, սա Բարտոմեուի դեպքը չէ: Այս բարի ժպիտով տղամարդը, կարողացավ երբեմնի հզոր ակումբը վերածել քամու ուղղությամբ շարժվող մի լաստանավի, որը չգիտի, թե որտեղ է իր հանգրվանը, իր վերջնակետը:
Երբ խոսում ենք սխալ տրանսֆերային քաղաքականության մասին, կարող ենք շատ օրինակներ հիշել, բայց առաջին մարդը, ում մտաբերում ենք, Կիկե Սետյենն է: Այո, հենց այն՝ նույնքան բարի ժպիտով «գյուղատնտեսը», ով երազում էր Չեմպիոնների լիգայի գավաթը տեսնել իր արոտավայրում:
«Ես կորցնելու ժամանակ չունեմ, կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը: Լավ կլինի նորից շրջել մեր արոտավայրով Լիենգրես գյուղում, բայց արդեն Չեմպիոնների գավաթով: Ես կցանկանայի ցույց տալ այդ գավաթը իմ կովերին»,- AS-ին տված հարցազրույցում ասել էր Սետյենը:
Կատալոնական ակումբին փոփոխություններ են պետք բոլոր հարկերում ՝ դռնապահից մինչև գանձապահ:
Մեսսին տվեց այդ գործնթացի սկիզբը, որը շատերը որակում են ՝ «փախուստ կործանվող նավից» եզրույթով: Այդ մարդկանց միայն մեկ բան կարելի է ասել. հարգելիներս, փորձեք վարել մի հեծանիվ, որի ոտնակները քարացած են: Ու չնայած այդ հանգամանքին, բոլորը սպասում են, որ դուք առաջինը պետք է հասնեք վերջնակետին: Կարծում եմ ՝ դրանից հետո դժվար կլինի խոսել նավերի և առնետների մասին:
Այո, ոչ մի ֆուտբոլիստ ավելին չէ, քան ակումբը, բայց Մեսսին միայն ֆուտբոլիստ չէ: Նա կատալոնական ֆուտբոլի խորհրդանիշն է և դա անշրջելի է:
«Մանչեսթեր Սիթին», «Ինտերը» կամ ՊՍԺ-ն կարող են 700 միլիոն եվրոյով գնել արգենտինացուն: Հաջողության դեպքում, Մեսսին անվճար կհեռանա «Բարսելոնայից», բայց դրանից հետո էլ կմնա այդ թիմի առաջատարը: Ահա սա է Բարտոմեուի և Լեոյի տարբերությունը:
Կատալոնական խառնաշփոթին վերջ տալ կարող է միայն Լեոն…