«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է փոխել իր խաղային համարը մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը:
Անցած մրցաշրջանում դանիացին խաղում էր 19-րդ համարի ներքո: Այժմ նա ցանկանում է վերցնել 10 համարի մարզաշապիկը, եթե այդ համարով հանդես եկող Լիոնել Մեսսին հեռանա ակումբից, հայտնում է 20 Minutos-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացին կատալոնացիների ղեկավարությանը տեղեկացրել էր ակուբից հեռանալու ցանկության մասին:
Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Բրեյթուեյթը ինքը կմնա «Բարսելոնայում»: Թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է մարզումների առաջին շաբաթվա ընթացքում հետևել խաղացողին, ապա որոշել նրա ապագան թիմում:
Բրեյթուեյթը «Բարսելոնային» միացել է «Լեգանեսից»՝ 2020 թվականի փետրվարին, տեղափոխվելով կատալոնական ակումբ 18 միլիոն եվրոյի դիմաց: Հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ: