33-ամյա բնռցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը օգոստոսի 29-ին պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր հերթական մենամարտը: Մրցակիցը դեռ հայտնի չէ, սակայն մենամարտի վայրն ու օրը որոշված է։ Գերմանիայի Բրաունլագե քաղաքի սպորտային համալիրում հայազգի բռնցքամարտիկը կփորձի պրոֆեսիոնալ ռինգում տանել իր հերթական հաղթանակը։ Սիրողական բռնցքամարտում անցկացրած 133 մենամարտից 103-ում Արմենակը հաղթել է: Նա նաև Հայաստանի չեմպիոն է, ինչպես նաև Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի առաջնությունում: Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկը անցկացրել է 13 մենամարտ, որից 11-ում հաղթել է, մեկում՝ պարտվել, մեկ մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի:
Armsport-ի հետ զրույցում մարզիչը նշեց, որ Արմենակն իրեն և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես շատ լավ է զգում: Մարզիչը նաև վստահությամբ հայտնում է, որ այս պահին իր մարզիկը պատկանում է Եվրոպայի ու աշխարհի լավագույն բռնցքամարտիկների շարքին: Նշենք, որ նախորդ մենամարտը Արմենակ Հովհաննիսյանն անցկացրել է գրեթե մեկ տարի առաջ, 2019 թվականի հոկտեմբերին՝ ընդդեմ Վիկտոր Պոլյակովի։ Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված նա էլ տևական ժամանակ զրկված էր ռինգ դուրս գալու հնարավորությունից։