Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոան» վաղը արտագնա խաղում ուժերը կչափի ղազախական «Կայրաթի» հետ:
Այսօր կայացել է «Նոայի» մարզիչ Վլադիմիր Ժապալաուի և թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Ուրախ ենք լինել այնպիսի ստադիոնում, որտեղ խաղում է պատմություն ունեցող ակումբ: Մեզ համար վաղվա խաղը սկզբունքային է: Կտեսնենք, թե ով ինչի է ընդունակ: Իհարկե, դիտել ենք «Կայրաթի» նախորդ հանդիպումները: Մրցակիցն արագ գրոհներով ֆուտբոլ է դավանում և դիմում է բարձր պրեսինգի: Մենք վերլուծել ենք մրցակցին: «Կայրաթից» կառանձնացնեմ դարպասապահին, թիմի ավագին, ինչպես նաև Վագներ Լավին»,-ասել է Ժապալաուն:
Հարցին, թե մրցակցի որ ֆուտբոլիստից են ամենաշատը զգուշանում, մարզիչը նշել է. «Պետք է բոլորից էլ զգուշանանք: Մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը: Պետք է չկորցնենք կոնտրոնացումը: Մեզ համար դա շատ կարևոր է»:
Թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի խոսքով «Նոան» պատրաստ է վաղվա հանդիպմանը․ «Մենք պատրաստ ենք թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Իհարկե, չունենք եվրագավաթներում հանդես գալու փորձ, բայց կփորձենք օգտագործել մեր ուժեղ կողմերն ու հաջողության հասնել»,-ասել է Կրյուչկովը:
Հիշեցնենք, որ «Կայրաթ»-«Նոա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: