Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի կազմում վերջին անգամ դաշտ է դուրս եկել 2019/20 մրցաշրջանի 20-րդ տուրում: Դրանից հետո նա վնասվածքի պատճառով շարքից դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը: 27-ամյա ֆուտբոլիստը միայն այս շաբաթ կարողացավ միանալ իր թիմի մարզումներին՝ հավաքի շրջանակում: Ադամյանը «Հոֆենհայմի» պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է վնասվածքներից ապաքինվելու և նոր մրցաշրջանի հետ կապված իր ծրագրերի մասին.
-Սարգիս, Դուք բաց թողեցիք մրցաշրջանի երկրորդ հատվածի մեծ մասը վնասվածքի պատճառով: Հիմա լավ մարզավիճակում եք և նորից մարզվում եք թիմի հետ: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Իհարկե, ես շատ երջանիկ եմ, որ նորից մարզվում եմ թիմի հետ: Երկար ժամանակ ես մենակ էի մարզվում. բարդ էր: Ամեն դեպքում թիմի հետ մարզվելն ավելի զվարճալի է: Սա լավ է:
-Դուք նորից լավ մարզավիճակո՞ւմ եք: Կարո՞ղ եք մասնակցել առաջիկա ընկերական խաղերին:
-Մենք պայմանավորվել ենք, որ սկզբում ինձ պետք է աստիճանաբար թուլանալ և պարզապես մասնակցել թիմի մարզումների որոշակի հատվածներին: Ընկերական խաղերի համար դեռ շուտ է: Ես վստահ եմ, որ արդեն հաջորդ շաբաթվանից կկարողանամ լիարժեք մասնակցել ամեն ինչին, իսկ դրանից հետո արդեն պատրաստ կլինեմ հաջորդ հանգստյան օրերին կայանալիք ընկերական խաղերին:
-Բունդեսլիգայում Ձեր առաջին մրցաշրջանում 5 գոլ եք խփել: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր նորամուտի մրցաշրջանը Բունդեսլիգայում և որո՞նք են Ձեր նպատակները՝ կապված առաջիկա մրցաշրջանի հետ:
-Կարծում եմ՝ լավ մրցաշրջան էր: Ըստ իս, կարողացա լավ տպավորություն գործել: Վնասվածք ստացա այն ժամանակ, երբ իսկապես լավ մարզավիճակում էի, ինչն ինձ շատ վշտացրեց: Իմ գլխավոր նպատակը վերականգնվելն է: Ցանկանում եմ դուրս գալ խաղադաշտ և նորից խաղալ: