Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը, որը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Կայրաթի» կազմում, կարծում է՝ «Նոայի» շանսերը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ ղազախական թիմի հետ դիմակայությունում 50/50 են:
«Կարծում եմ՝ շանսերը 50/50 են: Դիտարժան ու հետաքրքիր խաղ է սպասվում: «Նոան» մի փոքր առավելություն ունի, քանի որ ավելի շատ խաղային պրակտիկա ունի այս պահին, քան «Կայրաթը»՝ հաշվի առնելով այն, որ նրանց մոտ առաջնությունը նոր է վերսկսվել, բայց «Կայրաթը» տանը միշտ հաջող է հանդես գալիս, հատկապես, եթե կան երկրպագուներ»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է Արթուր Եդիգարյանը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2013 և 2014 մրցաշրջաններին է պաշտպանել «Կայրաթի» գույները և թիմի հետ նվաճել է Ղազախստանի Գավաթը: Ասում է՝ ղազախական ակումբից իր հետ կապ չեն հաստատել՝ «Նոայից» հետաքրքրվելու համար 🙂
Եդիգարյանն ընդգծում է՝ «Նոան» մրցակցի արգելքը հաղթահարելու մեծ ներուժ ունի.
«Կարգապահության և համբերատարության շնորհիվ կարող է հաղթել: «Նոան» մեծ ներուժ ունի անցնելու:
Թե՛ թիմային, թե՛ անհատապես լավ խաղացողներ ունի «Կայրաթը»: Պետք է ուշադիր լինել ամբողջ 90 րոպեի ընթացքում և պահպանել կենտրոնացումը անհատ ֆուտբոլիստների՝ հատկապես բրազիլացի Վագներ Լավի, որը բավականին վտանգավոր հարձակվող է, ինչու ոչ նաև Կամո Հովհաննիսյանի վրա, որը շատ արագ է»,- ասում է Արթուր Եդիգարյանը:
Հիշեցնենք՝ Կամո Հովհաննիսյանն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում «Կայրաթում», որի կազմում Ղազախստանի ընթացիկ առաջնության 5 հանդիպման է մասնակցել: Արթուր Եդիգարյանի խոսքով՝ հայ ֆուտբոլիստը կարող է շատ առաջ գնալ ղազախական ակումբում.
«Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն է կատարել Կամոն՝ տեղափոխվելով «Կայրաթ»: Պետք է իր տեղը ոչ ոքի չզիջի: Մեծ հեռանկար կա «Կայրաթում», քանի որ սա մեծ մակարդակի ակումբ է՝ հզոր բազայով ու ենթակառուցվածքներով: Կամոն կարող է շատ առաջ գնալ»:
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Կայրաթ»-«Նոա» հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Ալմաթիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Դիմակայության հաղթողը կվճռվի մեկ խաղի արդյունքում, իսկ անհրաժեշտության դեպքում թիմերին սպասվում է լրացուցիչ ժամանակ և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար:
Նարե Հովհաննիսյան