Մեկնարկում է շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան: Մրցաշարը պետք է կայանար Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Համավարակով պայմանավորված, այս տարի Օլիմպիադան կայանալու է օնլայն հարթակում: Տարօրինակ է, բայց փաստ:
Փոխվել է նաև ձևաչափը, մասնակից հավաքականների քանակը: Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ: Օլիմպիադայի հաղթողի կոչման համար կպայքարի 40 հավաքական:
Հավաքականները բաժանվել են 4 խմբի, յուրաքանչյուրում՝ 10 թիմ: Խմբերի հաղթողները կնվաճեն քառորդ եզրափակչի ուղեգիր, իսկ երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչից:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Ալժիրը, Եգիպոսը, Մարոկկոն, Խորվաթիան, Անգլիան, Թուրքիան և Ռումինիան: Առաջին տուրում մեր թիմի մրցակիցը Ռումինիան է:
Խմբից դուրս գալու հետ կապված կարծում եմ՝ հարցերը քիչ են: Առաջին տեղին, ամենայն հավանականությամբ, կհավակնեն Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականները:
Ինչպես գիտենք, Հայաստանի տղամարդկանց հավաքականը Օլիմպիադայի եռակի չեմպիոն է: 2006-ին, 2008-ին և 2012 մերոնք հավասարը չեն ունեցել: 1992-ին ու 2004-ին մեր տղաները դարձել են բրոնզե մեդալակիր: Իսկ 2012 թ-ից ի վեր Հայաստանի հավաքականը մրցանակային եռյակում չի հայտնվել: Ինչպես նշեցինք, այս անգամ ձևաչափն այլ է, բայց հաշվի առնելով մեր պատանիների փայլուն արդյունքները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, միգուցե, այս պահին այս ձևաչափն ավելի նախընտրելի է:
- Խմբում՝ մեր մրցակիցները. Նրանց հաջողությունները 1992 թ-ից ի վեր.
Ռուսաստանի հավաքականը գործող բրոնզե մեդալակիրն է: Դրանից զատ, ռուսները 6 անգամ հաղթել են, մեկ անգամ դարձել են բրոնզե մեդալակիր, իսկ մեկ անգամ էլ՝ 1994-ին, Ռուսաստանի երկրորդ թիմը նվաճել է բրոնզե մեդալները, իսկ առաջին թիմը դարձել է հաղթող:
Մնացած 8 հավաքականը ոչ մի հաջողություն չի գրանցել վերջին 28 տարվա ընթացքում:
- Մի փոքր տեղափոխվելով անցյալ, կարող ենք հիշել ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում մեր շախմատիստների հաղթական Օլիմպիադաները:
1958, 1960, 1962,1964, 1966, 1968, 1970, 1972 և 1974 թթ-ին Տիգրան Պետրոսյանը ԽՍԽՄ-ի կազմում հաղթել է Օլմպիադաներում, իսկ 1978 թ-ին դարձել արծաթե մեդալակիր:
1980, 1982, 1986, 1988 թթ-ին Գարի Կասպարովն է եղել ԽՍՀՄ-ի հաղթական թիմում, իսկ 1984 և 1986 թթ-ին Ռաֆայել Վահանյանն է ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Ի դեպ, ստացվում է, որ 1986-ին Վահանյանն ու Կասպարովը միասին են խաղացել ԽՍՀՄ-ի հավաքականում:
Ռաֆայել Վահանյանը մեդալակիր է դարձել նաև Հայաստանի հավաքականի կազմում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, 1992 թ-ին Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Պետրոսյան ու Անաստասյան վեցնյակը զիջեց միայն Ռուսաստանին ու Ուզբեկստանին:
- Մեր ընտրանու կազմը.
Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան
Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան
Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան
Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան
Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան
Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան
Պահեստայիններ՝ Արթուր Դավթյան, Մարիամ Ավետիսյան
Մարզիչ՝ Արտաշես Մինասյան
- Մյուս խմբերը.
A խմբում կխաղան Հնդկաստանը, Չինաստանը, Գերմանիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Իրանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Մոնղոլիան ու Զիմբաբվեն:
B խմբում առաջին երեք տեղերի համար կպայքարեն Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ֆրանսիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Իսպանիան, Նիդերլանդները ու ՀԱՀ-ը:
D խմբում կմրցեն Իտալիան, Բրազիլիան, ԱՄՆ-ն, Արգենտինան, Լեհաստանը, Պերուն, Կանադան, Հունաստանը, Պարագվայն ու Կուբան:
Արմեն Գարամյան