«Լացիոյի»՝ հասարակայնության հետ կապերի ղեկավար Ստեֆանո Դե Մարտինոն մեկնաբանել է կիսապաշտպան Դավիդ Սիլվայի՝ «Մանչեսթեր Սիթիից» «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության հետ կապված իրավիճակը.
«Վերջին 48 ժամում շատ խոսվեց Դավիդ Սիլվայի մասին: «Լացիոն» միշտ իրեն ճիշտ է պահել, և մենք մինչև հիմա կարծում ենք, որ երբ որևէ մեկ ինչ-որ բան է խոստանում, դա ինչ-որ բան նշանակում է»,- Մարտինոյի խոսքերն է փոխանցում Football Italia.-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոն» դժգոհ է մնացել Սիլվայի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունից: ԶԼՄ-ների տեղեկություններով, «Լացիոն» ժամանակ է տվել Դավիդին մտածելու համար, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում ֆուտբոլիստը չի պատասխանել զանգերին, իսկ նրա՝ Իսպանիա վերադառնալու մասին հռոմեական ակումբն իմացել է մամուլից:
Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին «Վալենսիայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 28,75 մլն եվրո: 2019/20 մրցաշրջանում Սիլվան Անգլիայի առաջնության 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: