Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենահիշարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:
ArmSport-ը վերջերս նոր շարք է սկսել՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր, որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:
Այս անգամ իր հիշողություններով մեզ հետ կիսվել է Երևանի «Արարատի» մամուլի ծառայության բաժնի ղեկավար Դավիթ Գալստյանը։
Ֆուտբոլային ավանդույթներ կրող ակումբի դեմ գերէմոցիոնալ խաղ, որը քչերը տեսան Հայաստանում
Վերջերս Հայաստանի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ մեկնաբանները հիշեցին 2016 թվականին Եվրոպա լիգայի շրջանակներում կայացած «Բանանց»-«Օմոնիա» մրցավեճը՝ նշելով, որ «Բանանցը» պարտվել է ընդհանուր 5-1 հաշվով, և անցան առաջ։ Դա բնական է, քանի որ խաղը չէր ցուցադրվել Հայաստանում, ինտերնետում չկար նորմալ հեռարձակում ու գրեթե ոչ ոք չգիտի, թե այդ չոր թվերի տակ որքան հույզեր ու հիշողություններ կան։ Այդ պատճառով որոշեցի այս պատմությամբ մի փոքր փոխանցել այդ օրվա իմ տպավորությունները։
Դժգույն պարտություն Երևանում
Այդ ժամանակ ես գլխավորում էի «Բանանցի» մամուլի ծառայությունը և ակումբի մարզչական սենյակում՝ թիմի իսպանական մարզչական շտաբի հետ միասին հետևեցինք վիճակահանությանը և տեղեկացանք մրցակցի մասին։ «Բարդ մրցակից է, բայց պետք է հաղթահարել»։ Սա էր եզրակացությունը, որին գրեթե ոչ մեկ չէր հավատում՝ հաշվի առնելով «Բանանցի» եվրագավաթային ելույթների ոչ հաջող պատմությունը և թիմերի ֆուտբոլիստների արժեքների միջև մեծ տարբերությունը։ Առաջին խաղը Երևանում էր ու դժգույն խաղում «Բանանցը» 0-1 հաշվով պարտություն կրեց և գրեթե բոլորը խաչ քաշեցին մեր թիմի՝ երկրորդ փուլ դուրս գալու հնարավորությունների վրա։ Ես էլ, անկեղծ ասած, չէի հավատում, որ Կիպրոսում հնարավոր է հետ բերել կորցրածը, քանի որ թվում էր, որ իսկապես շատ ենք զիջում մրցակցին կարգով։
Մեզ երբեք այսքան հաջողություն չէին մաղթել
Երբ վայրէջք կատարեցինք Կիպրոսի մայրաքաղաքի օդանավակայանում, անձնագրում կնիք դնելիս՝ ոստիկանը մեզ հաջողություն ու հաղթանակ մաղթեց։ Սկզբում մտածեցինք, թե կատակ է, բայց նա բացատրեց, որ սիրում է ԱՊՕԵԼ-ին և ատում է «Օմոնիային»։ Այդպես էր նաև գրեթե բոլորի հետ, ովքեր իմանում էին, թե որն է Կիպրոս գալու մեր նպատակը։ Նրանք կամ ասում էին, որ հաղթելու են մեզ, կամ հաղթանակ էին մաղթում։ Նիկոսիան բաժանված էր իրենց կարծրատիպերն ունեցող երկու բանակի՝ «Օմոնիայի» երկրպագուները, ովքեր վստահ պնդում էին որ ԱՊՕԵԼ-ը ֆաշիստների թիմ է, և ԱՊՕԵԼ-ի երկրպագուները, ովքեր «Օմոնիային» անվանում էին կոմունիստներ։ Այս հակամարտության պտուղները ես նաև իմ կաշվի վրա զգացի նախախաղային մարզման ժամանակ։ Կիպրոսցի ինձ ծանոթ լրագրողներին խնդրել էի խորհուրդ տալ տեղացի ֆոտոլրագրողի, որը մեզ համար «Բանանցի» վրա կենտրոնացած լուսանկարներով ռեպորտաժ պետք է պատրաստեր։ «Ի՞նչ է նրա անունը»,- մարզադաշտում մեր մարզման ժամանակ հարցրեց «Օմոնիայի» գլխավոր մենեջեր Պավլոսը։ Լուսանկարչի անունը համացանցում Ջորջ Մայքլ էր, ու ես մտածեցի, որ սա ինչ-որ կեղծանուն է ու ասացի՝ ավելի լավ է սպասենք, թող ինքը գա, կտեսնենք։ «Չեմ հիշում անունը»։ Ի՞նչ կարևոր է, թե ինչ է անունը,- մտածեցի ես։ Քիչ անց մոտոցիկլի ձայներ լսվեցին, Ջորջ Մայքլն իր թանկարժեք տեխնիկայով հասավ մարզադաշտի դռների մոտ ու պատրաստ էր լուսանկարելու, իսկ Պավլոսը սկսեց ջղաձիգ շարժումներով աջ ու ձախ անել ու հավանաբար զանգահարում էր իր վերադասներից մեկին։
Ես գլխի ընկա, թե ինչ է կատարվում ու հարցրեցի Ջորջին։ «Դու «Օմոնիա՞» ես, թե՞ ԱՊՕԵԼ։ «Ես ԱՊՕԵԼ-ի լուսանկարիչն եմ»- օբյեկտիվը ֆոտոխցիկի վրա տեղադրելով՝ պատասխանեց Ջորջը։ Մարմնովս սարսուռ անցավ ու ես նոր հասկացա, թե ինչ ճաշ եմ եփել հայ-կիպրական բարեկամական ճաշից հետո։ «Արի գնանք ՈՒԵՖԱ-ի պատվիրակի սենյակ»,- ասաց ինձ Պավլոսը այնպիսի տեսքով, որ կարծես դարի դավադրությունն էի կազմակերպել և հունական ակցենտով իր անգլերենով ներկայացրեց իրավիճակը բուլղարացի պատվիրակին։
«Մեր հյուր թիմը հրավիրել է մի լուսանկարչի, որը սադրիչ է։ Նա ԱՊՕԵԼ-ի երկրպագու է, խաղերից մեկից հետո նա անպատշաճ ժեստ է ցույց տվել մեր երկրպագուներին, ինչի պատճառով ամբողջ քաղաքում կռիվ էր ընկել։ Վաղը խաղին 24 լուսանկարիչ է լինելու, մենք պատրաստ ենք անվճար տալ բոլոր լուսանկարիչների նկարները լավագույն որակով, միայն թե խնդրում ենք, որ այս տղան վաղը չլինի խաղին»։
Լուսանկարը՝ Գիորգիոս Միքայելի
Ես, որ ակամայից հայտնվել էի Կիպրոսի մայրաքաղաքի դերբիի մեջ, ստիպված էի Ջորջից ներողություն խնդրել ու ասել, որ ստիպված ենք բավարարվել միայն մարզման լուսանկարներով ու վաղվա խաղին նրա ծառայություններն այլևս մեզ պետք չեն գա։ Նա նույնպես ներողություն խնդրեց, ասաց, որ իր մտքով չէր կարող անցնել, որ նման բան կարող է տեղի ունենալ, ծիծաղեց ու պատմեց, որ ամենևին սադրիչ ու վատ մարդ չէ։ Նա սկսեց ցույց տալ իր ընտանեկան բարի լուսանկարները, ցույց տվեց նաև Ռոմիկ Խաչատրյանի հետ իր լուսանկարը․ «Նրանից նույնպես կարող ես ճշտել, որ ես վատ մարդ չեմ։ Պարզապես խաղերից մեկից հետո մարզաշապիկ եմ խնդրել ու ստացել ԱՊՕԵԼ-ի ֆուտբոլիստից։ Այդքան բան, ոչ մի ժեստ»։
Հաղթանակ հիմնական ժամանակում և ողբերգություն լրացուցիչում
Այս բոլոր խոսակցություններից ես հասկացա, որ գործ ունենք մի ակումբի հետ, որն ունի իր հավատարիմ երկրպագուների ու թշնամիների համայնքներն ու սկզբունքները։ Խաղի մեկնարկին մոտ արդեն մարզադաշտը կանաչով էր ներկվել։ Մոտ 10.000 երկրպագու անդադար աջակցում էին իրենց թիմին և եկել էին հեշտ հաղթանակ վայելելու։
«Օմոնիան» մեծ առավելություն ուներ, իսկ մենք անընդհատ պաշտպանվում էինք, սակայն 71-րդ րոպեին հրաշալի մի բան տեղի ունեցավ։ Մեր հարձակվող Ացամազ Բուրաևն անհավանական դրիբլինգով շրջանցեց մրցակցի մի քանի խաղացողի ու վարպետորեն գրավեց դարպասը։ “Палка стрельнула” հաջորդ օրն «Ինստագրամի» իր էջում գրել էր հումորի մեծ զգացում ունեցող Ացան։ Խաղի մնացած 20 րոպեներին գոլ չգրանցվեց, և «Բանանցը» փաստորեն հաղթեց «Օմոնիային»՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Այդ րոպեներին սիրտս բաբախում էր անչափ արագ, քանի որ նստած ես 10.000 հոգու մեջ, ովքեր հասկանալի էր, որ անդադար հայհոյում էին իրենց թիմին, քանի որ նրանց հաղթում է մի թիմ, որի մասնիկն ես դու։
Ցավոք, լրացուցիչ ժամանակում եղավ այն, ինչ եղավ։ Մեր թիմը գոլ բաց թողեց, ապա քանդվեց, չդիմացավ ֆիզիկապես ու պարտվեց 4-1 հաշվով, իսկ թիմի ֆուտբոլիստների ու մարզիչների հիասթափված հայացքները հանդերձարանում ամենասրտաճմլիկն էին իմ տեսած ֆուտբոլային տեսարաններից։
«Ո՞նց կարողացաք 4-1 պարտվել։ Եթե երկրորդ գոլն էլ խփեիք, ամեն ինչ լավ կլիներ, իսկ հիմա սրանք գլուխ կգովան ու կմտածեն, թե ուժեղ թիմ ունեն»,- հաջորդ առավոտյան ասաց տաքսու վարորդը, որը, կարծում եմ, կարիք չկա ասելու, թե որ թիմի երկրպագու էր։
Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան
Շարքի նախորդ նյութերը՝
Մի կերպ, հարվածներ ստանալով, փախա տարածքից․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Ցանկացած խաղ՝ ինչպես սուրբծննդյան տոնակատարությունը․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Երազանք, որ իրականացավ 8 տարի անց․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Վալերյանկա+ֆուտբոլ=ՍԵՐ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Հայերով ցնծում էինք, իսկ Մխիթարյանը մխիթարում էր Սոկրատիսին․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Անընդհատ նայում էի ու աչքերիս չէի հավատում․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Գնալով երազանքին ընդառաջ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Լինում են խաղեր, երբ ոչնչով չես տարբերվում երկրպագուից․ մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները