Խորխե Իգուայինը՝ «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինի հայրը, հերքել է այն շշուկները, թե իր որդին շուտով կարող է հեռանալ թուրինյան ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոնսալոն չի մտնում թուրինցիների նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ծրագրերի մեջ.
«Ասում են, որ «Յուվենտուսն» այլևս չի ցանկանում Գոնսալոյին տեսնել որպես իր ֆուտբոլիստ, բայց դա ճիշտ չէ: Ակումբն առաջվա պես հույսեր է կապում նրա հետ, նա մտադիր չէ խզել պայմանագիրը»,- Իգուայինի հոր խոսքերն է փոխանցում Planeta 947-ը:
32-ամյա Իգուայինը 2016 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: 2019/20 մրցաշրջանում նա 44 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացու պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: