Արդեն այսօր՝ օգոստոսի 14-ին, մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի առաջնությունը, որը խոստանում է շատ հետաքրքիր լինել: Նոր մրցաշրջանը մեկնարկում է նաև ՀՀ Առաջին խմբի առաջնությունում:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակում այսօր միայն մեկ հանդիպում կկայանա: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:30-ին և, ինչպես տուրի մնացած հանդիպումները, կանցկացվի առանց հանդիսականների:
Օգոստոսի 15-ին առաջնության նորեկ «Վանն» իր նորամուտը կնշի Բարձրագույն խմբում՝ Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունելով «Գանձասար-Կապանին»: Հանդիպման մեկնարկը 17:30-ին է:
Օգոստոսի 16-ին միանգամից 2 հանդիպում կկայանա: «Նոան» սեփական հարկի տակ կընդունի վերակազմավորված «Շիրակին», իսկ նոր առաջնության ամենախոստումնալից ու հետաքրքիր թիմերից մեկը՝ «Արարատը» առաջին պաշտոնական խաղը կանցկացնի Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով «Փյունիկին»:
Տուրի վերջին խաղը, որը պետք է կայանար օգոստոսի 17-ին «Ուրարտուի» և «Լոռիի» միջև, ինչպես հայտնի է՝ տեղի չի ունենա: Առաջնության հենց մեկնարկային տուրում առաջին սկանդալը գրանցվեց ու վանաձորյան թիմը հայտարարեց՝ խաղադաշտ դուրս չի գալու Երևանում նշանակված այդ խաղին:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն խմբի առաջնությունն այս մրցաշրջանից կունենա նոր անվանում՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, այն կունենա փոփոխված ձևաչափ ու կանցկացվի 3 շրջանով, իսկ խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվելու է տեխնիկական պարտություն:
Հատկանշական է նաև այն, որ 2020/2021 մրցաշրջանից սկսած՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում 10-րդ տեղ զբաղեցրած թիմը կլքի առաջնությունը՝ տեղափոխվելով Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Պրեմիեր լիգա: Պրեմիեր լիգայում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբն էլ անցումային հանդիպում կանցկացնի Առաջին խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ:
Ինչպես արդեն նշեցինք, այսօր մեկնարկում է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը: «Շիրակ-2»-ը Գյումրիում ընդունելու է «Լեռնային Արցախին» (17:00), իսկ 17:30-ին մեկնարկելու է «Սևան»-«Ուրարտու-2» խաղը, որը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:
Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի ամբողջական խաղացանկը՝ ստորև.
Տուր 01 | Քաղաք | Մարզադաշտ | ||||
16.08.20 | Նորավանք |
—
|
ԲԿՄԱ | Չարենցավան | քաղաքային | 17:00 |
15.08.20 | Ալաշկերտ-2 |
—
|
Արարատ-2 | Էջմիածին | ֆուտ.ակադեմիա | 17:30 |
15.08.20 | Արարատ-Արմենիա-2 |
—
|
Վեստ Արմենիա | Երևան | Ֆուտբոլի ակադեմիա | 17:00 |
14.08.20 | Սևան |
—
|
ՈՒրարտու-2 | Աշտարակ | «Քասախի մարզիկ» | 17:30 |
14.08.20 | Շիրակ-2 |
—
|
Լեռնային Արցախ | Գյումրի | քաղաքային | 17:00 |
Ինչպես հայտնի է, լեգիոներների սահմանափակում է գործելու նաև Հայաստանի երկրորդ ուժեղագույն լիգայում: Այս մրցաշրջանից սկսած՝ Առաջին խմբի խաղերում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:
Նշենք՝ թե՛ VBet Պրեմիեր լիգային և թե՛ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը 10 թիմ է մասնակցում: