Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը բարձր է գնահատել «Ռոտորի» նորեկ Արմեն Մանուչարյանի հեռանկարները: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, հիշեցնենք, ՌՊԼ-ի առաջին տուրի՝ «Զենիթի» հետ խաղում մնաց պահեստայինների նստարանին (0-2):
«Մանուչարյանի կյանքն այս 3 օրվա մեջ շատ փոխվեց: Նա մրցաշրջանին նախապատրաստվում էր «Փյունիկի» հետ, բայց տեղափոխությունը «Ռոտոր» շատ արագ կատարվեց, ու արդեն այսօր նա հայտավորված էր խաղին:
Մանուչարյանը մոտ ժամանակներս իր նորամուտը կնշի «Ռոտորի» կազմում, և ես կարծում եմ՝ շուտով նա պատվով կներկայացնի Հայայաստանը Ռուսաստանի առաջնությունում: Ամեն դեպքում, նա դրա համար ունի բոլոր որակները:
Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, անկասկած անհրաժեշտ կլինի, որ նա մի փոքր հարմարվի մեկ այլ առաջնության նոր մակարդակին: Նրա մասին քչերը գիտեն, բայց Մանուչարյանին իր թիմում էր ցանկանում տեսնել Անդրեյ Տալալաևը, երբ աշխատում էր «Կռիլյա Սովետովում»: Նրանք ծանոթ են «Փյունիկից», այդ իսկ պատճառով ես կարծում եմ՝ Մանուչարյանն իրեն լավագույնս կդրսևորի: Նրա հայտնվելը Ռուսաստանի առաջնությունում առավելություն է ոչ միայն ամբողջ առաջնության, այլև՝ ամբողջ հայկական ֆուտբոլի համար»,- ասել է Սելյուկը Sport24-ի հետ զրույցում: