Օգոստոսի 10-ին կայացավ Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոային» բաժին է հասել ղազախական «Կայրաթը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Ալմա-Աթայում:
«Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին մեկնաբանել է Եվրոպա լիգայի խաղարկության վիճակահանության արդյունքները. Ղազախստանի փոխչեմպիոնը կխաղա Երևանի «Նոյի» դեմ:
«Առաջին հերթին, մենք կենտրոնացած ենք առաջնությունը վերսկսվելուց հետո մեր առաջիկա խաղի վրա: Հետևաբար, դեռ կա ժամանակ մրցակցին ուսումնասիրելու, պատրաստվելու համար: «Նոայի» հետ, կարծում եմ, որ շատ թեժ, էմոցիոնալ հանդիպում է սպասվում:
Սա լուրջ մրցակից է, որի հետ դժվարին պայքար է ստացվում: Թիմն արդեն անցկացրել է պաշտոնական հանդիպումներ, նվաճել է Սուպերգավաթը երկրի չեմպիոնի դեմ խաղում: Մենք ունենք հայկական ակումբների հետ ընկերական հանդիպումներ խաղալու փորձ: Դրական է, որ մենք խաղալու ենք տանը: Իհարկե, մեր խնդիրն է նրանց հաղթել և առաջ գնալ: Բայց միևնույն ժամանակ, չպետք է թերագնահատել մրցակցին»:
Այն հարցին, թե ո՞ր տարբերակն է ավելի լավ՝ մեկ հանդիպումից բաղկացած դիմակայությունը, թե՝ երկու, բելառուս մասնագետն ասել. «Դրա մեջ կան և դրական, և բացասական կողմեր: Եթե առաջին հանդիպումը անհաջող եք խաղում, երկրորդում ձեր սխալները շտկելու հնարավորություն կա: Մեկ խաղի դեպքում սխալները չեն ներվում: Կլինի ընդամենը 90 րոպե՝ գումարած ավելացված ժամանակը: Մենք պատրաստ ենք ցանկացած մրցակցի դեմ լավ հանդես գալ:
Թիմը շատ լավ մարզավիճակում է: Մենք միշտ լավ մարզավիճակում ենք: Այո, մենք պաշտոնական հանդիպումներ չենք անցկացրել, բայց մենք ստուգողական հանդիպումներ ենք անցկացրել: Տղաները կատարյալ վիճակում են, պարզապես պետք է սկսել խաղալ»,- մեջբերում է «Կայրաթի» մարզչին ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: