«Նոան» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Հատկանշական է, որ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակի սաները մինչև 90-րդ րոպեն պարտվում էին Հայաստանի չեմպիոնին, բայց Դմիտրի Լավրիշևի՝ անկյունայինի խաղարկումից հետո խփած գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Այստեղ արդեն, «Նոայի» կազմում ևս մեկ գոլ հեղինակեց թիմի նորեկ Դենիս Դեդեչկոն, որն իր առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում երևանյան թիմի կազմում, ինչի շնորհիվ «Նոան» կամային հաղթանակ տարավ և նվաճեց տիտղոսը: Դեդեչկոն, ի դեպ, անվրեպ իրացրեց վիճելի 11-մետրանոցը:
Նշենք՝ հանդիպման հաշիվը բացել էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 60-րդ րոպեին. Կամպանյայի ֆուտբոլիստները մրցակցի տուգանայինի մատույցներում խլել են գնդակն ու Օտուբանջոն այն հասցեագրել է կենտրոն, որտեղ Մայիլսոն Լիման է ընդունել գնդակն ու գրավել Վիմերկատիի պաշտպանած դարպասը: Այդուհանդերձ, խփած գոլից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները չեն կարողացել տիրել նախաձեռնությանն ու պահպանել հաղթական հաշիվը:
«Արարատ-Արմենիան», որը շատ մոտ էր տիտղոսը նվաճելուն, առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ: