«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղից (2-1) հետո խոսել է այս մրցաշրջանում ՉԼ-ն հաղթելու ցանկության մասին:
«Մենք ստեղծեցինք շատ հնարավորություններ և երկու անգամ էլ խփեցինք նրանց սխալների շնորհիվ: Մենք նրանց ստիպեցինք առաջ գնալ, հարձակվել, բայց դա մեր թիմի դեմ շատ դժվար է անել:
Երկու խաղում էլ հաղթեցինք «Ռեալին»: Դա կարեւոր է. ի վերջո, մենք այստեղ ենք Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Մինչ այժմ մենք կատարել ենք ընդամենը մեկ քայլ: Եթե համարենք, որ սա բավարար է, ապա մենք ցույց կտանք մեր թուլությունը: Եթե դուք մտադիր եք հաղթել, ապա հարկավոր է հաղթել հսկաներին:
Ես կարծում եմ, որ այս երկու հանդիպումներում Գաբրիել Ժեզուսը լավագույն խաղացողն էր: Նա խփեց Մադրիդում, վաստակեց տուգանային, իսկ այսօր նա գոլ խփեց և փոխանցում կատարեց: Նա առանցքային դեր խաղաց մեր հաղթանակի մեջ:
Ես խոսել եմ մեր ակումբի սկաուտների հետ «Լիոնի» մասին, և նրանք ինձ խորհուրդ տվեցին զգոն լինել: Մենք պատրաստվելու ութ օր ունենք: Այժմ մենք կուրախանանք այս հաջողությամբ և հետո կսկսենք մտածել «Լիոնի» մասին, — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: