Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը վերջերս պայմանագիր կնքեց ռուսական «Տամբովի» հետ: 32-ամյա ֆուտբոլիստը Սոչիի հետ պայմանագիր ուներ 1+1 ձևաչափով և մրցաշրջանի ավարտից հետո ակումբը չցանկացավ երկարաձգել այն:
«Տամբով» տեղափոխության հարցում Ալեքսանդր Կարապետյանին աջակցել է ռուսաստանաբնակ հայ գործակալ Նշան Դեպելյանը, որի հետ խոսել ենք Կարապետյանի տեղափոխության, գործակալան աշխատանքի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ:
-Պարոն Դեպելյան, ինչպե՞ս ստացվեց Կարապետյանի տեղափոխությունը «Տամբով»:
-Նախ ասեմ, որ Կարապետյանի հետ ծանոթացել եմ, երբ տեղափոխվեց «Սոչի»: Հայ համայնքով միջոցառում էինք կազմակերպել, որում մեծարում էինք նրան և Ռոման Բերեզովսկուն: Նա ակումբի հետ պայմանագիր ուներ 1+1 ձևաչափով: Մեկ տարին լրացավ, իսկ ակումբը ցանկություն չունեցավ երկարաձգել պայմանագիրը: Մենք հանդիպում ունեցանք ու տարբերակներն էինք քննարկում նրա կարիերան շարունակելու վերաբերյալ: Մի քանի տարբերակներ կային՝ այդ թվում Հայաստանից: Ես նրան առաջարկեցի դիտարկել նաև «Տամբովի» տարբերակը: Երբ կապ հաստատեցի «Տամբովի» ղեկավարության հետ և առաջարկեցի Կարապետյանի տարբերակը, նրանք շատ օպերատիվ գործեցին և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին: Իրենք գիտեին Կարապետյանի որակները և հասկանում էին, որ իրենց թիմի ձեռագրին համապատասխանում է: Ամենակարևորն այն է, որ իմ առաջարկի հաջորդ օրն արդեն կնքել ենք պայմանագիրը: Այսինքն բանակցությունները տևել են ընդամենը մեկ օր:
Ամենալավն այն էր, որ թիմի գլխավոր մարզիչն ու տնօրենը զրույց ունեցան Կարապետյանի հետ և մեծ վստահություն հայտնեցին նրան՝ ասելով, որ թիմի հարձակվողական գծի խաղը կառուցվելու է նրա շուրջ: Սա ֆուտբոլ է, և բնական է ոչ մեկ հստակ չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում: Ամեն ինչ կախված կլինի Ալեքսանդրից: Եթե մինչև պայմանագիր կնքելը կասկածներ կար՝ արդյոք սա լավ տարբերակ է, թե՞՝ ոչ, ապա տեսնելով մարդկանց ընդունելությունն ու ոգևորությունը՝ մեզ մոտ ոչ մի կասկած չմնաց և կնքեցինք պայմանագիրը:
-Ի՞նչն էր պատճառը որ Կարապետյանին այդպես էլ չտեսանք որպես «Սոչիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ:
-Նա թիմ էր տեղափոխվել նախորդ մարզչի օրոք: Առաջին մարզչի ժամանակ ավելի շատ էր խաղաժամանակ ստանում: Թե ինչ տեղի ունեցավ հետո, այս հարցին երևի ավելի լավ կպատասխանի թիմի մարզիչը, քանի որ ինձ համար անհասկանալի էր: Միգուցե Կարապետյանը չէր համապատասխանում նոր մարզչի խաղային ձեռագրին: Իհարկե մենք ուրախ կլինեինք, եթե երկարաձգեր պայմանագիրը «Սոչիի» հետ, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք:
-Բացի «Տամբովից», ի՞նչ այլ տարբերակներ են եղել:
-Ինչքանով տեղյակ եմ՝ միաժամանակ 4 ակումբ հետաքրքրված էր նրանով Հայաստանից: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան ավելի բարձրակարգ է, թեկուզ ոչ առաջատար ակումբում խաղալը, սակայն խաղալ այնպիսի թիմերի դեմ, ինչպիսիք են «Զենիթը», «Սպարտակը», «Լոկոմոտիվը», ԲԿՄԱ-ն, երևի դա էր պետք Կարապետյանին, որպեսզի կարողանա դրսևորել իրեն: Կրկնում եմ, ամենակարևորն այն է, որ ակումբի կողմից վստահություն կար: Շատ քիչ թիմեր կան, որոնք պայմանագիր կկնքեն 32 տարեկան ֆուտբոլիստի հետ, որը վերջին մեկ տարում շատ քիչ է խաղաժամանակ ստացել և այլն: Պարզ է, որ արդեն Հայաստանի առաջնություն տեղափոխվելու տարբերակը մղվեց 2-րդ պլան: Նա արդեն փորձ ունի ՌՊԼ-ում խաղալու, հուսով ենք, որ «Տամբովում» ավելի արդյունավետ ֆուտբոլ կխաղա:
-«Սոչիում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ Էրիկ Վարդանյանը: Ի՞նչ կասեք նրա մասին:
-Չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի Էրիկի կարիերան «Սոչիում»: Վարդանյանը «Փյունիկի» այդ տարիքային թիմի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է և մեծ ֆուտբոլիստ դառնալու մեծ շանսեր ունի: Ցավոք սրտի նրան խանգարում են վնասվածքները: Հուսով եմ՝ այս տարի շուտ կվերականգնվի վնասվածքից և կկարողանա դրսևորել իրեն, քանի որ մենք ուրախանում ենք մեր ֆուտբոլիստների հաջողությամբ: Առաջին հերթին մենք երկրպագու ենք, հետո նոր գործակալ: Պետք է ամբողջ սրտով սիրես ֆուտբոլն ու հայկական ֆուտբոլը: Մարդ կա ասում է, որ հայկական ֆուտբոլը թույլ է, ավելի հետաքրքիր են եվրոպական առաջատար լիգաների առաջնությունները: Իհարկե այդտեղ կա ճշմարտություն, բայց ամեն դեպքում դա մերը չէ: Մենք ունենք մեր հավաքականը, մեր առաջնությունը: Իհարկե, անգլիական կամ իսպանական ֆուտբոլն ավելի ուժեղ է, բայց դա չի նշանակում, որ ավելի շատ պետք է սիրենք ուրիշինը, քան մերը: Մենք պետք է սիրելով, փայփայելով, սխալներն ուղղելով հնարավորինս լավը դարձնենք մեր ֆուտբոլը: Ես այսպես եմ մտածում ու միշտ փորձել եմ առաջին հերթին օգտակար լինել հայկական ֆուտբոլին ու հայ ֆուտբոլիստներին:
-Հայաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից քանի՞սը կհամապատասխանեն ՌՊԼ-ի մակարդակին:
-Այս հարցին շատ դժվար է պատասխանել: Շատ ֆուտբոլիստներ չկան: Ֆուտբոլին համապատասխանելուց բացի, կա նաև ճաշակի հարց: Կարող է հանդես գալ բարձրակարգ թիմում, բայց կարող է և չհամապատասխանի միջին կամ ցածր մակարդակի թիմի խաղաոճին: Իմ կարծիքով կլինեն 3-5 ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան խաղալ Ռուսաստանի պրեմիեր լիգայում:
-Տևական ժամանակ է հայկական ֆուտբոլում բուռն քննարկվում է լեգիոներների սահմանափակման հարցը: Ի վերջո, գալիք մրցաշրջանում հայկական ակումբները սահմանափակում կունենան լեգիոներների հետ կապված: (Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի այդպիսի առնվազն 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն) Ինչպիսի՞ն էր ՀՖՖ-ի այս որոշումը և ի՞նչ կասեք Հայաստանում հանդես եկող լեգիոներների մասին:
-Լեգիոներների սահմանափակման թեման շատ նուրբ թեմա է: Պետք է հասկանալ, թե մեր հայկական ֆուտբոլին և Հայաստանի առաջնությանն ինչ է պետք: Մենք կարող ենք գնալ օրինակ՝ Կիպրոսի ճանապարհով: Կիպրոսում ակումբային ֆուտբոլը շատ ուժեղացավ լեգիոներների շնորհիվ, աշխատավարձերը կտրուկ բարձրացան և եկան էլ ավելի բարձրակարգ լեգիոներներ և դրա հետևանքը եղավ այն, որ ակումբները հաջող ելույթներ ունեցան եվրոպական մրցասպարեզում: Բայց այս տարբերակի դեպքում իհարկե տուժում է հավաքականը, քանի որ տեղացի խաղացողները քիչ խաղաժամանակ են ստանում: Բերեմ մեկ այլ օրինակ: Իռլանդիան, որտեղ երկրի առաջնությունը թույլ է, բայց ազգային հավաքականը միջինից բարձր մակարդակի է: Իռլանդիայում երբ ինչ-որ տաղանդ է ի հայտ գալիս, նրան տեղափոխում են Անգլիայի առաջնություն: Եթե նայենք Իռլանդիայի հավաքականին, կազմի 90 տոկոսը խաղում են անգլիական լիգաներում: Մեր դեպքում կարող է այդ ամենն աշխատել այս կերպ: Այսինքն մեր տաղանդավոր երիտասարդները կարող են իրենց փորձել Ռուաստանում, որտեղ լեգիոներ չեն համարվում: Այսինքն մենք ստանձնում ենք Իռլանդիայի դերը, իսկ Ռուսաստանը՝ Անգլիայի: Իհարկե, սա ասում եմ զուտ համեմատական կարգով: Բայց այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւր ենք ուզում տանել մեր ֆուտբոլիստներին՝ Ռուսաստա՞ն, թե՞ արևմտյան կամ կենտրոնական եվրոպական երկրների առաջնություններ: Կարծում եմ՝ լեգիոներների թեմայի հետ կապված ֆեդերացիայի ընդունած որոշումն ամենաօպտիմալն էր: Ինչ վերաբերում է լեգիոներների որակին, իհարկե հիմա անհամեմատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում Հայաստանում: Ճիշտ է, 10-15 տարի առաջ էլ Հայաստանում եղել են որակյալ լեգիոներներ, բայց ընդհանուր առմամբ հիմա ավելի շատ են:
-Գործակալական աշխատանքն ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում:
-Ես չեմ ասի, թե գործակալի աշխատանքով զբաղվում եմ շատ երկար տարիներ: Սա ինձ համար նաև սիրելի զբաղմունք է: Իմ կողմից կոռեկտ չի լինի գնահատական տալ հայ գործակալների աշխատանքին: Ամեն մարդ աշխատում է այնպես, ինչպես կարողանում է, և ամեն ֆուտբոլիստ ընտրում է այն գործակալին, որի հետ հարմար է զգում աշխատել: Ես իհարկե ֆուտբոլիստներ ունեցել եմ և՛ Հայաստանի առաջնությունում, և՛ Բելառուսում և՛ Ղազախստանում: Հայաստանցի գործակալաների հետ համագործակցության փորձ չունեմ, իհարկե մի քանիսին ճանաչում եմ, բայց առիթ չի եղել շփվելու: Համագործակցության փորձ ունեմ Բելգիայում բնակվող հայ գործակալ Հայկ Միրիջանյանի հետ: Գործի բերումով իմ շփումն ավելի շատ արտասահմանցի գործակալների հետ է՝ ռուս, բելառուս, ուկրաինացի, ղազախ և այլն, բայց հենց հայաստանցի գործակալների հետ ցավոք սրտի կապ չունեմ:
-Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանն անցկացվեց այլ ձևաչափով, իսկ Առաջին խմբի առաջնությունը ժամանակից շուտ դադարեցվեց: Արդարացվա՞ծ էր նման ձևաչափը և ի՞նչ կասեք Առաջին խմբի մասին:
-Առաջնության այդ ձևաչափը շատ անհաջող էր: Նման տարբերակը, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ կարելի էր անել միայն Բարձրագույն խմբում գոնե 12 թիմ ունենալու դեպքում: Դա շատ ռիսկային էր, քանի որ, ինչպես շատ հաճախ եղել է, այս անգամ էլ բացառություն չէր, որ թիմերից մեկը կիսատ կթողնի առաջնությունը, ինչպես եղավ «Երևանի» դեպքում: Փաստորեն ստացվեց, որ վեցնյակը ձևավորվելուց հետո, մյուս 3 թիմերը՝ «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար Կապանը» չգիտեին, թե ինչի համար են խաղում: Լավ է, որ գալիք մրցաշրջանը չի անցկացվի նման ձևաչափով: Սխալ էր, բայց դա արդեն անցյալում է, պետք է նայել առաջ: Ինչ վերաբերում է Առաջին խմբին, ֆուտբոլում ամենավատ բանը որ կարող է լինել, պայմանավորված խաղերն են: Ֆեդերացիան նման քայլի է գնացել և ամենայն հավանականությամբ ունի բավարար ապացույցներ: Շատ կարևոր է, որ այս ամենից չտուժեն նաև անմեղներ: Եթե իրոք կան ապացույցներ, ապա ողջունելի է ֆեդերացիայի նման կտրուկ քայլը, բայց էլի եմ կրկնում, կարևոր է, որ անմեղները չընկնեն այս ամենի տակ:
-Ավարտված առաջնությունում Ձեր կարծիքով ո՞վ էր լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը:
-Եթե վերցնենք զուտ վերջնական արդյունքներով, ապա իհարկե լավագույն մարզչի կոչմանն արժանի է Իգոր Պիկուշչակը, իսկ ֆուտբոլիստինը անկասկած՝ Մորի Կոնեն, բայց եթե վերջին տուրերում «Շիրակի» սայթաքումը չլիներ, նույն հաջողությամբ առաջնության լավագույն մարզիչ կարող էր դառնալ նաև Վարդան Բիչախչյանը: Հայաստանի առաջնությունը շատ հետաքրքիր է և կան լավ մարզիչներ: Ինձ դուր են գալիս և՛ Բիչախչյանը, և՛ Վարդան Մինասյանը, և՛ Ռաֆայել Նազարյանը, և՛ Աբրահամ Խաշմանյանը: Իսկ վերջին տարիներին Հայաստանում աշխատած լեգիոներ մարզիչներից, բացի Պիկուշչակից, կառանձնացնեմ նաև Անդրեյ Տալալաևին: Ինձ դուր էր գալիս նաև «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Միխայ Ստոյկիցան: Լավ մարզիչներ ունենք, ինձ ավելի հետաքրքիր է, որ մեր մարզիչները կարողանան արտասահմանյան թիմեր մարզել և դրանով բարձրացնեն նաև հայ մարզիչների անունը միջազգային ասպարեզում:
Վերջում կցանկանամ որպես սփյուռքում ծնված և մեծացած հայ, բարեմաղթանք հղել մեր պատմական հայրենիքին, հայ ազգին, հայկական ֆուտբոլին, մարզիչներին և ֆուտբոլիստներին: Ցանկանալ առաջին հերթին խաղաղություն, իսկ ֆուտբոլում հաջողություններ, որպեսզի մեր ակումբները հաջող հանդես գան եվրագավաթներում, իսկ Հայաստանի հավաքականն էլ միայն հաղթանակներ ունենա և ուրախացնի մեզ:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ