«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ առաջիկա հանդիպումը եզրափակիչ է իրենց համար։ Զիդանը նաև խոսել է Էդեն Ազարի առողջական վիճակի և Գարեթ Բեյլի բացակայության մասին։
«Վաղը եզրափակիչ է մեզ համար։ Ազարը ուներ անհարմարություններ Լա լիգայի վերջին խաղերում։ Հիմա նա ավելի լավ է իրեն զգում։ Նա վստահ է իր ուժերին։
Չեմ պատրաստվում բացատրել, թե ինչու Բեյլը չկա հայտացուցակում։ Նա նախընտրել է չխաղալ։ Մնացածը իմ ու նրա գործն է»,-ասել է Զիդանը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվել է 1-2 հաշվով։