«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է, որ կիսապաշտպան Արտուրը չի ցանկանում վերադառնալ կատալոնական ակումբ: Օգոստոսին բրազիլացին պետք է միանա «Յուվենտուսին»:
«Այն, ինչ արեց Արտուրը, թիմակիցների նկատմամբ հարգանքի բացակայություն է, քանի որ թիմը ցանկանում է լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Եվ ակումբի նկատմամբ նույնպես անհարգալից վերաբերմունք է: Ոչ մի տրամաբանություն չկա, որ խաղացողը որոշում է չմասնակցել կարևոր մրցաշարի: Նման արարքը ոչնչով չի արդարացվում և լիովին անհասկանալի է:
Մենք պայմանավորվել ենք, որ նա կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմում մինչև Չեմպիոնների լիգայի ավարտը: Սա վերաբերում էր ինչպես առաջնությանը, այնպես էլ Չեմպիոնների լիգային: Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ով թիմում դեր է խաղում և կարող է մեզ օգնել:
Բայց նա կարճ արձակուրդից հետո չներկայացավ: Սա անթույլատրելի է: Նրա բացակայությունը հիմնավորելու համար փաստարկներ չկան: Նա զանգահարեց և ասաց. «Ես չեմ վերադառնա, ես կմնամ Բրազիլիայում»: Սա նրա որոշումն է: Ոչ ոք նրան թույլտվություն չի տվել», – մեջբերում է կատալոնական ակումբի նախագահին Diario Sport-ը: