«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական պատմել է այն մասին, որ լոնդոնյան թիմի երկրպագուների հետ կոնֆլիկտից հետո պատրաստ է եղել հեռանալու ակումբից:
«Բոլորը գիտեն, թե ինչ է եղել ինձ ու երկրպագուների հետ կամ երկրպագուների ու ինձ հետ: Լավ ժամանակներ չէին: Բայց, գուցե, դա բանալին էր նրա, որ ես ավելի ուժեղ դարձա, քան երբևէ ու շատ բան սովորեցի այդ իրավիճակից: Հույս ունեմ, որ երկրպագուները՝ նույնպես: Մարդիկ ավելի ու ավելի շատ են ինձ սկսում հասկանալ: Շատ մոտ էի ակումբից հեռանալուն: Մինչ այդ պահը հիանալի ժամանակ եմ անցկացրել «Արսենալում»: Երբ Միկելը եկավ, շատ լավ հանդիպում ունեցա նրա հետ: Նա հեղափոխեց ինձ ու երկրորդ շանս տվեց: Նա ցույց տվեց, որ վստահում է ինձ, իսկ ես փորձեցի ամեն ինչ վերադարձնել նրան»,-ասել է Ջական:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ջական ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում կոնֆլիկտ էր ունեցել «Արսենալի» երկրպագուների հետ: Փոխարինումից հետո երկրպագուները սուլել էին Ջակային, ինչին ի պատասխան՝ թիմի ավագը ձեռքը տարել էր ականջին՝ ավելի բորբոքելով իրավիճակը: Դրանից հետո Ջական հանել էր մարզաշապիկն ու գնացել հանդերձարան: Ավելի ուշ խաղացողին զրկեցին ավագի թևկապից ու զրկեցին թիմի խաղերից: