Շվեյցարիայի հատուկ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Անցած շաբաթ հատուկ դատախազ էր նշանակվել՝ վարելու Շվեյցարիայի՝ նույն այդ ժամանակահատվածում պաշտոնաթող եղած գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի և Ինֆանտինոյի միջև գործերը:
Դատարանը եկավ այն եզրահանգման, որ Լաուբերը թաքցրել էր Ինֆանտինոյի հետ տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկությունն այն ժամանակ, երբ իր թիմը հետաքննում էր ՖԻՖԱ-ի հետ կապված կոռուպցիոն մեղադրանքները:
Հատուկ դատախազ Ստեֆան Կելլերը հայտնաբերել է հանցավոր վարքի նշաններ՝ կապված չբացահայտված լսումների հետ:
Քրեական գործ է հարուցվել նաև Վերին Վալեի գլխավոր դատախազ Ռինալդո Առնոլդի դեմ: Դատախազությունը տեղեկություններ ունի, որ Ինֆանտինոն և Առնոլդը մասնակցել են Մայքլ Լաուբերի հետ գաղտնի հանդիպումներին:
Ըստ РБК-ի, դատախազությունը կասկածում է Ինֆանտինոյին, Լաուբերին և Առնոլդին լիազորությունների չարաշահման, պաշտոնական գաղտնիքների խախտման և քրեական հետաքննության խոչընդոտման մեջ: