Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռանում է «Սոչիից»: Այս մասին հայտնում է Sport24-ը:
«Ես իսկապես հեռանում եմ «Սոչիից»: Նախևառաջ կցանկանամ շնորհակալություն հայտնել թիմի բոլոր երկրպագուներին, ինձ համար անչափ հաճելի էր «Սոչիի» կազմում խաղալը: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ինձ ընդունեցին տեղի երկրպագուները, թե որքան ջերմ էին իմ հանդեպ այս ամբողջ ընթացքում:
Ես եկել էի ինձ համար բոլորովին անծանոթ երկիր, բայց շատ արագ հարմարվեցի: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տեղի հայ համայնքին՝ աջակցության համար: Շնորհակալ եմ նաև «Կարա, Կարա, Կարապետյան» երգի համար: Այս պահերը ես միշտ կհիշեմ, այս ակումբը, երկրպագուներն ու քաղաքը միշտ կմնան իմ սրտում: Գրկում եմ «Սոչիի» բոլոր երկրպագուներին ու շնորհակալություն հայտնում ամեն ինչի համար»,- ասել է Կարապետյանը:
Հայ ֆուտբոլիստը նաև նշել է՝ իրեն թվում էր, թե ինքը դեռ կարող էր օգուտ տալ թիմին.
«Իհարկե, կիսատության զգացողություն կա, ինձ թվում էր, որ ես դեռ օգուտ կտամ թիմին: Կարող եմ ասել, որ ես հիանալի մարզավիճակում էի, լավ էի մարզվում, փորձում էի արդյունավետ օգտագործել ինձ տրված խաղաժամանակը, բայց մարզիչը շատ քիչ փոփոխություններ էր կատարում: Ֆուտբոլիստը չի կարող գոհ մնալ, որ 5 կամ 10 րոպե է խաղում: Ես վստահ եմ, որ կարող էի «Սոչիին» ավելին տալ, եթե ինձ բավականաչափ խաղաժամանակ տրամադրեին: Բայց ես չափազանց քիչ ժամանակ էի ստանում դաշտում, ես ավելիին եմ ունակ, ցավում եմ, որ չկարողացա ցույց տալ Կարապետյանին՝ 100 %-ով:
Ես միշտ առանձնահատուկ տրամադրվածությամբ եմ կրել «Սոչիի» մարզաշապիկը, բայց սա է ֆուտբոլային կյանքը և այն ինձ մոտ շարունակվում է: Տղաներն ասում էին, որ ես թիմի ոգին եմ, փոքր-ինչ տխուր է, բայց ես վստահ եմ, որ դեռ ցույց կտամ ինձ, և շատերը դեռ իմ մասին կհիշեն»,- ասել է Կարապետյանը Sport24-ի հետ զրույցում:
Կարապետյանը 2019 թվականի հուլիսին էր միացել «Սոչիին»: Նա ՌՊԼ-ի 21 հանդիպման է մասնակցել՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ 491 րոպե անցկացնելով: Այդ ընթացքում Կարապետյանը 2 գոլ է հեղինակել:
Նշենք՝ մինչև ռուսական ակումբ տեղափոխվելը 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Լյուքսեմբուրգի առաջնությունում: