«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «արքայական» ակումբը։
Մադրիդյան թիմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է հետևյալը․
«Երեկ մեր առաջին թիմի ֆուտբոլիստները COVID-19-ի թեստեր են անցել «Ռեալ Մադրիդի» բժշկական անձնակազմի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ մեր խաղացող Մարիանոյի թեստի պատասխանը դրական է եղել։
Խաղացողը կատարյալ առողջ է և հետևում է բոլոր կանոններին՝ մնալով ինքնամեկուսացման մեջ իր տանը»։
Մարիանոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին, որը կայանալու է օգոստոսի 7-ին։