«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 38-րդ տուրի «Քրիստալ Փելեսի» դեմ խաղի նախօրեին, ասել է, որ իր թիմն այժմ լավ մարզավիճակում է և մրցաշրջանի ավարտին կարող էր հայտնվել լավագույն քառյակում: Ներկա դրությամբ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:
«Եթե դիտարկենք առաջիկա խաղը, ես կասեի, որ սա եզրափակիչ է, որը կարող է մեզ տալ եվրագավթների ուղեգիր: Հետևաբար, սա մեծ հանդիպում է, մեծ եզրափակիչ, մենք կենտրոնացած ենք այս խաղի վրա:
Բայց եթե ես շեղեմ ինձ այս խաղից և նայեմ ամբողջ պատկերը, ապա ես դեռ զգացողություն ունեմ, որ պետք է ևս մի քանի խաղ անցկացնել: Քանի որ թիմը լավ մարզավիճակում է, մենք ուժեղ ենք, վնասվածքներ չունենք:
Կարծում եմ, որ նորմալ պայմաններում մենք առանց խնդիրների կարող էինք լինել լավագույն քառյակում և, հավանաբար, մեզ անհրաժեշտ չէին լինի այդ լրացուցիչ երկու հանդիպումները», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: