Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հաղորդել է, թե երբ կմեկնարկի նոր մրցաշրջանը, ինչպես նաև հայտնել Ռուսաստանի Սուպերգավաթի օրը։
«ՌՊԼ նոր մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 8-9-ին՝ հանգստյան օրերին։ Ռուսաստանի Սուպերգավաթի անցկացման հիմնական տարբերակը օգոստոսի 7-ն է «ՎԷԲ Արենայում»։ Օրացույցի վերջնական տարբերակը կհաստատվի հուլիսի 24-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2019/2020 մրցաշրջանի Ռուսաստանի չեմպիոն դարձավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը վաստակեց 72 միավոր։ 15 միավորով նրանից հետ մնաց Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը նույնպես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց։
«Կրասնոդարը» (52) զբաղեցրեց 3-րդ տեղն ու հանդես կգա Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կրասնոդարյան ակումբից հետ է մնում երկու միավորով ու կպայքարի Եվրոպա Լիգայի խմբային փուլում։
«Ռոստովը» (45) 5-րդ տեղը գրավեց ու կխաղա Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։ Մոսկվայի «Դինամոն» (41), որը գրավեց 6-րդ տեղը, նույնպես կարող է խաղալ ԵԼ որակավորման փուլում, եթե Ռուսաստանի Գավաթի եզրափակչում «Զենիթը» հաղթի «Խիմկիին»։ Հակառակ դեպքում, եվրագավաթների ուղեգիրը բաժին կհասնի պոդմոսկովյան թիմին։