«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն առաջին հարցազրույցն է տվել նոր պաշտոնում.
«Փյունիկ» վերադարձի մասին
«Արդեն 3 տարի անցել է, իհարկե շատ բան է փոխվել «Փյունիկում»: Բայց «Փյունիկը» մնում է Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ իր պատմություններով և ավանդույթներով, ինչը բնականաբար պարտավորեցնող է: Տպավորություններս դրական են, ու հաշվի առնելով այդ ամեն ինչը՝ «Փյունիկը» չի կարող միջին դիրք գրավել, բնական է՝ մաքսիմալ պետք է աշխատենք, որ հաջողություններ գրանցենք»:
Տպավորությունները թիմից
«Անկեղծ ասած, հիմա թիմը որպես այդպիսին վերջնական տեսք չունի: Շատ փոփոխություններ կլինեն, դրա համար հիմա գնահատական տալը մի քիչ ճիշտ չի լինի, բայց փորձելու ենք նոր թիմ հավաքել՝ նոր գաղափարներով: Առաջին հերթին պետք է այն միտքը լինի, որ անցյալին չնայենք: Հստակ ծրագրով պետք է շարժվենք առաջ»:
Մարզչական մեթոդաբանության մասին
«Քանի որ մարզչական աշխատանքը ստեղծագործ աշխատանք է, դու չես կարող լինել նույնը, ինչ մի քանի տարի առաջ: Դրա համար պետք է ամենօրյա աշխատանք, ամենօրյա ինքնազարգացում, քանի որ հիմա ինֆորմացիոն դաշտը բաց է, պետք է այդ ինֆորմացիան ճիշտ ընկալել , վերլուծել ու փոխանցել ֆուտբոլիստներին: Այնպես որ ամեն օր մի նոր բան փոխվում է մեթոդաբանության մեջ: Այդ առումով ես կարծրատիպեր չունեմ: Ես բաց եմ այդ ինֆորմացիան ընդունելու համար, բայց այստեղ կարևոր հանգամանք է, թե ինչպես ես ընկալում ու վերլուծում այդ ամեն ինչը, և ինչպես ես այդ ամենը փոխանցում ֆուտբոլիստներին»:
1-0՞, թե՞ 4-3
«Որպես մարզիչ՝ ինձ համար իհարկե ավելի լավ է հաղթել 1-0, քան՝ 4-3»:
Մարզչական շտաբի մասին
«Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, որ կոնկրետ հենց իրենց հետ եմ աշխատում, քանի որ իրենք իսկական պրոֆեսիոնալներ են: Բոլորը գիտեն իրենց աշխատանքի այն մասը, որի համար պատասխանատու են: Իհարկե նրանք տարբեր պրոֆիլների մեջ են աշխատում: Օրինակ Չիրոն, որը ֆիթնես մարզիչ է, ինձ շատ տպավորել է նրա պրոֆեսիոնալ մոտեցումը: Վարդանյան Վլադիմիրն ու Կարեն Սիմոնյանն ինձ հետ աշխատել են Հայաստանի երիտասարդական հավաքականում և «Բանանցում»: Մենք կես խոսքից իրար հասկանում ենք: Ինչ վերաբերում է Էրիկ Նազարյանին, նա նոր սերնդի մարզիչներից է, որն ունի նոր գաղափարներ, շատ նորարարություններ կարող է մտցնել մեր թիմ: Ես վստահ եմ, որ ապագայում նա կարող է մեծ մարզիչ դառնալ»:
Մեկնարկային կազմի ընտրության մասին
«Առաջին հերթին մեկնարկային կազմում պետք է խաղան այն ֆուտբոլիստները, որոնք այդ պահին ամենաշատն օգուտ կտան թիմին՝ կախված կոնկրետ օրից, մրցակցից ու իրավիճակից»:
Երիտասարդ ֆուտբոլիստների մասին
«Իհարկե հիմա անուններ չեմ տա, բայց տպավորությունները տարբեր են: Ֆուտբոլիստներ կան, որոնցից տպավորությունները դրական են, ֆուտբոլիստներ էլ կան, որոնց վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չենք կայացրել, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ «Փյունիկը» հայկական ֆուտբոլի դարբնոցն է եղել, ու հուսով ենք՝ այդ գործընթացը շարունակական կլինի»:
Լեգիոներների լիմիտի մասին
«Ես կողմ եմ որոշակի լիմիտի, բայց պետք է հստակ ծրագիր կազմվի, ոչ թե հապճեպ որոշումներ կայացվի: Պետք է ունենանք հստակ ճանապարհային ուղեցույց, որ յուրաքանչյուր ակումբ հասկանա, թե իրեն ինչ է սպասվում այս տարի, մյուս տարի: Բայց իհարկե ես կողմ եմ, որ լինի որոշակի լիմիտ, քանի որ ինքներս էլ հասկանում ենք, որ հիմա հայ ֆուտբոլիստների խաղալը խնդիր է դառնում ու նրանց աճն այնպես չի ընթանում, ինչպես՝ պետք է»: