«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա Լիգայի վերջին տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղի մասին (5-0), ինչպես նաև պատասխանել թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ ունեցած հարաբերությունների մասին հարցին։
«Մենք բոլորս հետևություններ ենք արել «Օսասունայից» կրած պարտությունից հետո։ Հիմա բոլորն անհամբերությամբ սպասում են Չեմպիոնների լիգայի խաղին։ Այս արդյունքը մեզ թույլ է տալիս մեծ վստահությամբ ու լավ բարոյահոգեբանական վիճակով նայել ապագային։ Մրցաշրջանը պետք է մաժորային նոտայի վրա ավարտեինք։
Իմ ապագա՞ն։ Միշտ հանգիստ եմ եղել այդ հարցով։ Այն ոչ թե ինձ պետք է ուղղվի, այլ ակումբին։ Ես ուղղակի ահռելի ակումբի մի մասն եմ ու չեմ մտածում այդպիսի բաների մասին։ Կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Կան բաներ, որոնք չես կարող վերահսկել։ Բայց ես միշտ աջակցություն եմ զգացել։
Երբ Մեսսին դաշտում է, դա միշտ անհանգստացնող է մեր մրցակիցների համար։ Հուսանք՝ կկարողանանք շարունակել վայելել նրա խաղը, ինչպես դա արել ենք երկար տարիներ։ Իմ հարաբերությունները նրա հետ այնպիսին են, ինչպես մնացած բոլոր խաղացողների հետ։ Մեկի հետ մի փոքր ավելի մտերիմ ես, մյուսի հետ՝ մի քիչ հեռու, բայց, ընդհանուր առմամբ, հարաբերությունները լավ են»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Marca-ն։