«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ուզում է թիմի կազմն ուժեղացնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայով։ Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 29-ամյա բրազիլացու համար մոտ 45 մլն ֆունտ վճարել (մոտ 50 մլն եվրո)։ Մոտ ժամանակներս ակումբները բանակցություններ պետք է սկսեն։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան Կոստայի հնարավորություններին ծանոթ է դեռ 2015/16 մրցաշրջանում «Բավարիայում» համատեղ աշխատանքից։
Իր հերթին՝ «Յուվեն» ուզում է Կոստայի վաճառքից ստացած իր միջոցները ծախսել հարձակվող գնելու վրա։ Թուրինում դիտարկում են «Նապոլիի» Արկադիուշ Միլիկի ու «Վուլվերհեմփթոնի» Ռաուլ Խիմենեսի թեկնածությունները։
Նշենք, որ 2018 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր Կոստայի համար 100 մլն եվրո վճարել «Յուվենտուսին», բայց թուրինցիները մերժեցին։